Ոռոգման աշխատանքներն անխափան իրականացնելու համար Շիրակի մարզի ջրամբարներում բավարար ջուր կա
2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի ջրամբարներում առկա է բավարար քանակությամբ ջուր՝ ոռոգման աշխատանքներն անխափան իրականացնելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Շիրակի մարզպետի աշխատակազմից, ոռոգման սեզոնի ընթացքում ջրի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով մարտի առաջին տասնօրյակից սկսած՝ Շիրակի մայր ջրանցքով իրականացվել են ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում։ «Շիրակ» ՋՕ ընկերության հետ հողօգտագործողների կողմից կնքվել է 2295 պայմանագիր։
Ոռոգման ջուրը խնայողաբար օգտագործելու նպատակով ֆերմերային տնտեսությունների կողմից 50 հեկտար կարտոֆիլի ցանքատարածքում ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգ։
Մարզում ոռոգման աշխատանքներին զուգահեռ շարունակվում է նաև բերքահավաքը։ Չնայած այս տարի մարզում արձանագրված բազմակի կարկտահարություններին՝ նախնական գնահատականներով սպասվում է առատ բերք։ Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի խոսքով՝ նախնական դիտարկումները վկայում են, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի բարձր բերքատվություն է սպասվում։ «Տարին տեղումնառատ էր, և հատկապես անջրդի հողատարածքներում բավարար խոնավության պայմանները նպաստել են բերքատվության բարձրացմանը»,-նշեց Համայակյանը։
Նրա խոսքով՝ ավելացել են նաև աշնանացան ցորենի ցանքատարածությունները։ Շիրակի մարզում 2026 թվականի բերքի համար կատարվել է շուրջ 19 հազար 551 հեկտար աշնանացան ցորենի ցանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 8407 հեկտարով։ Աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացումը, ըստ մարզպետի աշխատակազմի ներկայացուցչի, պայմանավորված է պետական աջակցության ծրագրերի առկայությամբ՝ Կառավարության 2026 թվականի մարտի 26-ի որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի» ծրագրի շրջանակներում մարզում 2745 շահառուների հետ կնքվել է 12206.365 հա ծրագրի մասնակցության պայմանագիր։