1 րոպեի ընթերցում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Սիսիանում գործող «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, տեսչական միջոցառումների ընթացքում արտադրամասում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական տարածքներն ու շինությունները չեն համապատասխանել սահմանված պահանջներին, ոչ պատշաճ վիճակում են եղել հատակի, դռների և պատերի մակերևույթները, իսկ աշխատանքային մակերևույթները պատրաստված են եղել ոչ համապատասխան նյութերից։
Խախտումներ են արձանագրվել նաև հումքի և բաղադրիչների պահպանման, ինչպես նաև կիսապատրաստվածքի և վերջնական արտադրանքի պահպանման ջերմաստիճանի պահանջների մասով։ Բացի այդ, արտադրամասում չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տնտեսվարողին խախտումները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանել։
Արտադրության վերսկսումը հնարավոր կլինի միայն սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո։