Մարզեր

Շիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում  ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր

Շիրակի մարզում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ է 40 ծրագիր՝ 188 ենթածրագրով։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 15.8 մլրդ դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը՝ 7.5 մլրդ դրամ։ Այս ծրագրերի մի մասը նախորդ տարիներից տեղափոխված ծրագրերն են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարզային խորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը տեղեկացրեց, որ 2026 թվականին հաստատվել է 14 ծրագիր՝ 88 ենթածրագրով։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 6.7 մլրդ դրամ, որից ՀՀ կառավարության ներդրումը՝ 3 մլրդ դրամ։ Աշխատանքներ են իրականացվում նաև նախորդ տարիներից 2026 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի շարունակականությունն ապահովելու և դրանց պատշաճ ընթացքն ու ավարտը կազմակերպելու ուղղությամբ։ Կառավարության կողմից այդ ծրագրերի ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի հունիսի 30-ը։

Ծրագրերն իրականացվում են մարզի բոլոր համայնքներում և հիմնականում ներառում են այգիների ու պուրակների, փողոցների բարեկարգման, գազաֆիկացման, ոռոգման համակարգերի տեղադրման, ինչպես նաև ասֆալտապատման աշխատանքներ։ Կարեն Բադիշյանը համայնքների ղեկավարներին հորդորեց ավելի ակտիվ լինել սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելիս և Կառավարությանը ներկայացնել իրատեսական ու համայնքների համար առաջնահերթ նշանակություն ունեցող ծրագրեր։

Նրա խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերը կարևոր նշանակություն ունեն համայնքների համաչափ զարգացման և բնակավայրերի ենթակառուցվածքների բարելավման գործում։ Դրանց իրականացմամբ ոչ միայն բարեկարգվում է համայնքային միջավայրը, այլև ստեղծվում են բնակչության առօրյան առավել հարմարավետ դարձնող պայմաններ՝ նպաստելով կյանքի որակի բարձրացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում