Շիրակի մարզում իրականացվող քաղաքաշինական աշխատանքներն աննախադեպ են. ներկայում ընթացքի մեջ է 30 ծրագիր
3 րոպեի ընթերցում
Շիրակի մարզում ներկայում իրականացվում է 30 քաղաքաշինական ծրագիր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընթացիկ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 43 միլիարդ 524 միլիոն 104 հազար դրամ։
Օգոստոսի 11-ին Շիրակի մարզային խորհրդի նիստում մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանը ներկայացնելով մարզում իրականացվող ծրագրերի վերաբերյալ տվյալներ տեղեկացրեց, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում են 11 դպրոցի և 4 մանկապարտեզի կառուցման աշխատանքներ։
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ՝ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ» ծրագրի շրջանակում ավարտին են մոտենում Գյումրու «Լապտերիկ» և «Արևիկ», ինչպես նաև Անի համայնքի Սառնաղբյուրի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 221 միլիոն 345 հազար դրամ։
«Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում իրականացվում է նաև նորակառույց դպրոցներ տանող ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգում։ Շուրջ 2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների արժեքը կազմում է 424 միլիոն 861 հազար դրամ։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզային խորհրդի նիստում նշեց, որ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ծավալները մեծ են, և մարզպետի աշխատակազմը փորձում է ապահովել դրանց պատշաճ վերահսկողությունը։
«Կարմիր գծերը բոլորի համար նույնն են՝ որակի հարցում փոխզիջում չի լինելու, անորակ շինարարություն չի ընդունվելու։ Այն միջոցները, որոնք Կառավարությունն ու համայնքային բյուջեն հատկացնում են մարզի համայնքներին, ուղղվում են առկա խնդիրների լուծմանը»,-ասաց մարզպետը։ Նրա խոսքով՝ վարչապետի հանձնարարականով Գյումրու փողոցների բարեկարգումը մարզի առաջնահերթություններից է։ 2026 թվականին նախատեսվում է բարեկարգել շուրջ 15 կմ փողոց, որոնցում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, իսկ 2027 թվականին նախատեսվում է հիմնանորոգել ևս 25 կմ փողոց։