Շիրակի համայնքների սեփական եկամուտները կատարվել են 82 տոկոսով․ Գյումրիում ցուցանիշը 67.4 տոկոս է

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի համայնքների 2026 թվականի սեփական եկամուտների հավաքագրումը օգոստոսի 1-ի դրությամբ կատարվել է 82 տոկոսով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 11-ին Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստում հայտնել է Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ մարզի համայնքների շարքում սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում՝ 67.4 տոկոս։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Գյումրի համայնքում ցուցանիշը կազմել էր 74.4 տոկոս։

Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանը վստահեցրել է, որ մինչև տարեվերջ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կբարելավվի։

Մարզի երեք համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների հավաքագրման մարզային միջին ցուցանիշը՝ 82 տոկոսը։

Միաժամանակ, ՀՀ պետական բյուջեով Շիրակի մարզի համայնքներին 2026 թվականի առաջին երեք ամիսների համար նախատեսված 7 մլրդ 6 մլն 853.1 հազար դրամ դոտացիան ամբողջությամբ ֆինանսավորվել է։ Մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպություններին 2026 թվականին պետական բյուջեից նախատեսված ֆինանսավորումը նույնպես ամբողջությամբ հատկացվել է։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրմանը, քաղաքացիներին հորդորել է ժամանակին կատարել հարկային պարտավորությունները։

«Նախքան համայնքապետերից կամ համայնքներից պահանջներ ունենալը պետք է պարտաճանաչ կատարել սեփական պարտավորությունները, քանի որ համայնքապետարաններն իրենց գործառույթներն իրականացնում են այն գումարների հաշվին, որոնք մենք ենք վճարում համայնքներին, ինչպես նաև կառավարության կողմից տրամադրվող դոտացիաների հաշվին։ Դոտացիան ամբողջությամբ ստացել ենք»,- նշել է մարզպետը։

Նա համայնքապետարաններին հորդորել է խիստ հետևողականություն ցուցաբերել պարտավորությունները չկատարող քաղաքացիների նկատմամբ։

«Գործիքակազմ և տարբեր մեխանիզմներ կան այդ գումարները գանձելու համար»,- հավելել է Դավիթ Առուշանյանը։

Հայերեն