Հիմնանորոգվում է Գտաշեն-Կամխուտ բնակավայրերն իրար միացնող կամուրջը
1 րոպեի ընթերցում

Ամասիա համայնքի Գտաշեն-Կամխուտ բնակավայրերն իրար միացնող ստրատեգիական նշանակություն ունեցող կամրջի հիմնանորոգման ծրագիրն ընթացքի մեջ է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գտաշեն բնակավայրի երկու կողմերն իրար կապող և դեպի Կամխուտ բնակավայր տանող կամուրջը նախկինում գտնվում էր վթարային վիճակում։ Որոշ հատվածներում առկա էին փլուզումներ, ինչը լուրջ դժվարություններ էր ստեղծում երթևեկության և վարորդների համար։
Ամասիայի համայնքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ներկայում կամրջի շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են գտնվում: Արդեն հեռացվել են կամուրջը պահող հին բետոնե հենասյուներն ու ծածկը, իրականացվում են հիմնական ամրացման աշխատանքներ։
Գտաշեն-Կամխուտ (Տ-7-37) տեղական նշանակության ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի 300-րդ մետրում գտնվող 3x5 մետր բացվածքով հավաքովի միասնականացված երկաթբետոնե խողովակի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 58 միլիոն 623 հազար դրամ:
Համայնքապետարանից տեղեկացրին, որ ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ՝ ֆինանսական միջոցներ էին հատկացվել Շիրակի մարզում իրականացվող ճանապարհաշինական 8 ծրագրերի ֆինանսավորման համար: