Վրաստանը լավատեսությամբ է սպասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը. Կոբախիձե
2 րոպեի ընթերցում

Վրաստանի իշխանությունները կապ են պահպանում ամերիկյան կողմի հետ և լավատեսությամբ են սպասում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերականգնմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք լավատես ենք, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի։ Կապ ենք պահպանում մեր ամերիկացի գործընկերների հետ։ Հուսով ենք տեսնել փոխադարձ քայլեր, որոնք ի վերջո կապահովեն ռազմավարական գործընկերության վերականգնումը։ Սա մեր նպատակն է, և մենք համբերատարությամբ սպասում ենք ամերիկյան կողմից փոխադարձ քայլերի», - ասել է Կոբախիձեն։
2024 թվականին Վրաստանի՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացան։ Այն բանից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետը հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի գործընթացը սառեցնելու մասին, ԱՄՆ Պետդեպարտամենտը կասեցրեց հանրապետության հետ ռազմավարական գործընկերությունը։
Մինչ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ իրենց հույսերը կապում են ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխության և Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերագործարկման հետ։