Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի։ Օգոստոսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Կառավարության հրաժարականի մասին ՀՀ նախագահին ուղղված դիմումը, որը հետո ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել էր Կառավարության հրաժարականը։ Այնուհետև ՀՀ նախագահը, համաձայն ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի, պետք է վարչապետի պաշտոնում նշանակեր խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժի ներկայացրած թեկնածուին։ Խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում