Մարզեր

Սուբվենցիոն ծրագրով գազաֆիկացվում է Ամասիայի սահմանամերձ Գտաշեն բնակավայրը

1 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրով գազաֆիկացվում է Ամասիայի սահմանամերձ Գտաշեն բնակավայրը

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվում Շիրակի մարզի Ամասիա համայնքի սահմանամերձ Գտաշեն բնակավայրում, որը մինչ այժմ երբեք գազաֆիկացված չի եղել։

Ամասիայի համայնքապետարանից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ ներկայում ընթանում են դեպի բնակավայր տանող մայր գազատարի կառուցման, հենասյուների տեղադրման և խողովակների զոդման աշխատանքները։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 69 մլն 100 հազար դրամ, որի 40 տոկոսը համայնքի համաֆինանսավորումն է։ Կառուցվող գազատարի ընդհանուր երկարությունը 2,2 կիլոմետր է։

Ծրագրի առաջին փուլի ավարտից հետո բնական գազից կկարողանա օգտվել 54 ընտանիք, իսկ 2027 թվականին շահառուների թվին կավելանա ևս 24 ընտանիք։

Գազատարի կառուցման աշխատանքներն իրականացնում են «Վալ-Արտ», «Արտ պլաս» և «Պրեմիումշին» ՍՊԸ-ները։

Համայնքապետարանից վստահեցրել են, որ շինարարության ընթացքը գտնվում է համայնքի ղեկավարի և պատասխանատու պաշտոնյաների անմիջական վերահսկողության ներքո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում