Գյումրիի համայնքապետարանը սկսել է քաղաքի տարածքով հոսող գետակների մաքրման աշխատանքները
2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել են քաղաքի տարածքով հոսող գետակների հատվածային մաքրման, վերականգնման և ամրացման աշխատանքները։ Առատ տեղումները կրկին մեծացրել են հեղեղումների վտանգը՝ ի ցույց դնելով քաղաքով հոսող Գյումրի (Գյումրիչայ) և Ղորղոբա գետակների առկա խնդիրները։
Գյումրի (Գյումրիչայ) գետակը Ախուրյան գետի ձախ վտակն է, որն անցնում է քաղաքի միջով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գյումրիի համայնքապետարանից, գետակի թունելային հատվածներում իրավիճակը մտահոգիչ է, քանի որ որոշ տեղամասեր Սպիտակի երկրաշարժից ի վեր չեն մաքրվել։ Փակ հուների հին և քայքայված ծածկերը ժամանակի ընթացքում փլուզվել են՝ հարակից բնակելի տների համար հեղեղումների իրական վտանգ ստեղծելով։
Ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով առաջնահերթ մաքրման աշխատանքներն իրականացվում են Տերյան փողոցից մինչև Մայակովսկու փողոց ընկած շուրջ 150 մետր երկարությամբ հատվածում, որտեղ վերջին տեղումներից հետո ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է։
Համայնքապետարանից նշում են, որ հենց այս հատվածի ընտրությունը պայմանավորված է դրա առանձնահատկություններով։ Տերյան փողոցից հետո գետակն արդեն բաց հունով է հոսում, իսկ հարակից տարածքն ամբողջությամբ շրջապատված է բնակելի տներով և հողամասերով։ Բնակիչների տները ջրածածկումից պաշտպանելու նպատակով ժամանակավորապես բացվում է գետի փակ հունը, իրականացվում են աղբի և կուտակումների մաքրման աշխատանքներ, ապահովվում ջրի անարգել հոսքը, որից հետո հատվածը կրկին կծածկվի նոր կոնստրուկցիաներով և պաշտպանական պատնեշներով։