Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար
2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի չգազաֆիկացված Կարմրաքար և Լեռնուտ բնակավայրերում համայնքային միջոցներով տեղադրվել են արևային կայաններ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, Կարմրաքարի 13 և Լեռնուտի 33 ընտանիքի համար համայնքի և բնակիչների փոխհամաձայնությամբ կայացվել է կարևոր որոշում՝ գազաֆիկացման փոխարեն ընտրել կանաչ էներգիան։ Յուրաքանչյուր ընտանիքում տեղադրվել է արևային կայան՝ ապահովելով բնակիչներին էկոլոգիապես մաքուր, տնտեսող և երկարաժամկետ էներգետիկ լուծմամբ։

«Մինչ այս ձմռան ամիսներին բնակիչները ստիպված էին իրենց տները տաքացնել աթարով կամ ժամանակավորապես լքել գյուղը։ Քննարկումների արդյունքում որոշվեց յուրաքանչյուր ընտանիքի համար տեղադրել 5 կՎտ հզորությամբ արևային կայան՝ ծրագրի շրջանակում հատկացնելով ավելի քան 1 միլիոն դրամ։ Այս որոշումը համայնքին հնարավորություն է տվել գազաֆիկացման համեմատ ծրագրի ծախսերը կրճատել շուրջ երեք անգամ, իսկ բնակիչներին ազատել թե՛ գազատարը սեփական միջոցներով տուն հասցնելու, թե՛ հետագայում ամենամսյա վճարումներ կատարելու անհրաժեշտությունից»,-նշեցին համայնքապետարանից։
Համայնքապետարանի գնահատմամբ՝ ծրագիրը ոչ միայն փոխել է բնակավայրերի էներգամատակարարման մոտեցումը, այլև նոր հնարավորություններ է ստեղծել փոքր բնակավայրերի զարգացման համար՝ նպաստելով գյուղերում բնակչության պահպանմանն ու վերադարձին։