Գյումրիում հանդիսությամբ բացվեց հասարակական-քաղաքական գործիչ Կարո Սասունու արձանը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում հանդիսավորությամբ բացվեց հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան, գրականագետ, հրապարակախոս, հրատարակիչ և Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետ Կարո Սասունու արձանը։

Գյումրիի ավագանու որոշմամբ տեղադրված 2 մետր 40 սանտիմետր բարձրությամբ բրոնզաձույլ արձանի հեղինակն է քանդակագործ Միսակ Մելքոնյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, քանդակագործ Միսակ Մելքոնյանը, պետական ու հասարակական գործիչներ, ինչպես նաև Կարո Սասունու ժառանգները։ Հուշարձանի բացման խորհրդանշական արարողությունն իրականացրին Ավետիս Առաքելյանն ու Միսակ Մելքոնյանը։

Իր ելույթում Ավետիս Առաքելյանն ընդգծեց, որ հուշարձանը պարզապես քանդակ չէ, այլ ազգային հիշողության, արժանապատվության և սերունդներին փոխանցվող արժեքների խորհրդանիշ։ Նրա խոսքով՝ այն հիշեցնելու է, որ հայրենիքի հանդեպ նվիրումն ու ծառայությունը կերտվել են անձնազոհության, կամքի և հավատի շնորհիվ, իսկ Կարո Սասունին իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը, ազգային ինքնության պահպանմանն ու հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։

Քանդակագործ Միսակ Մելքոնյանը նշեց, որ մեծ պատասխանատվությամբ է ձեռնամուխ եղել աշխատանքին, քանի որ դժվար է կերպավորել մի մարդու, ով իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է հայրենիքին և պետականությանը։ Նա հույս հայտնեց, որ արձանը շատերի համար առիթ կդառնա բացահայտելու Կարո Սասունու կյանքն ու գործունեությունը և կվերածվի գյումրեցիների սիրելի վայրերից մեկի, որտեղ մարդիկ կգան հարգանքի տուրք մատուցելու մեծ հայորդու հիշատակին։

Արձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանին և Կարո Սասունու ժառանգներին։ Հարակից տարածքի բարեկարգումն իրականացվել է Իվան Արտհալճեանի աջակցությամբ։

Միջոցառման ընթացքում «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը ներկայացրեց Կարո Սասունու կենսագրությունն ու գործունեությունը՝ ընդգծելով նրա բացառիկ ավանդը հայոց պատմության մեջ։

Նրա խոսքով՝ 1914-1915 թվականներին Կարո Սասունին եղել է հայկական կամավորական շարժման ակտիվ մասնակից և մասնակցել է Թալինի Դաշտադեմի ամրոցի մարտերին։ 1919 թվականին նա ընտրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, իսկ 1920 թվականի մայիսին նշանակվել Ալեքսանդրապոլի նահանգապետ։

Ինգա Ավագյանը նշեց, որ նահանգապետի պաշտոնը ստանձնելուց հետո Կարո Սասունին առաջնահերթ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ և կարճ ժամանակում կարողացել է զգալի արդյունքների հասնել։ Նրա նախաձեռնությամբ պատասխանատվության էին ենթարկվում ինչպես կաշառք տվողները, այնպես էլ կաշառք վերցնողները։

Հայերեն