Քաղաքականություն

Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS

2 րոպեի ընթերցում

Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS

Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է JNS-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։ 

Ավելի վաղ՝ հունիսի վերջին, Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին։ Այդ քայլից հետո հարցը պետք է ներկայացվեր Քնեսեթի՝ Իսրայելի խորհրդարանի հաստատմանը։

JNS-ի փոխանցմամբ՝ քվեարկության կասեցումը տեղի է ունեցել դիվանագիտական զգայուն ժամանակահատվածում՝ տարածաշրջանում նոր լարվածության ֆոնին։ Պարբերականը հիշեցնում է, որ վերջին ամիսներին Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Գազայի պատերազմի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած սուր հայտարարությունների պատճառով։ 

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որը կառավարությունում ներկայացրել էր ճանաչման առաջարկը, ավելի վաղ հայտարարել էր, որ դա ճիշտ քայլ է և պատմական արդարության հարց։ AP-ի հաղորդմամբ՝ Իսրայելի կառավարությունը որոշումը հիմնավորել էր նաև Թուրքիայի կողմից պատմական փաստերի ժխտման և նվազեցման քաղաքականությամբ։

Թուրքիան Իսրայելի կառավարության այդ որոշումը որակել էր քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ։ Ըստ JNS-ի՝ խորհրդարանական քվեարկությունը կասեցնելու որոշումը կարող է դիտարկվել որպես Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի մաս։

JNS-ը նաև նշում է, որ նախորդ ամիս Ադրբեջանի իշխանությունները դատապարտել էին Իսրայելի կառավարության որոշումը և կոչ արել այն հետ շրջել։ Պարբերականն ընդգծում է, որ Ադրբեջանը պատմական կապեր ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ և երկար ժամանակ փորձում է միջնորդական դեր ունենալ երկու երկրների միջև։

Քնեսեթը շաբաթվա վերջին պետք է գնա ամառային արձակուրդի, և ըստ JNS-ի՝ նստաշրջան չի անցկացնի մինչև հոկտեմբերի 27-ին նախատեսված ազգային ընտրությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում