Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում կառավարող մարմինը լուծարելու և իշխանությունը տեխնոկրատների կոմիտեին փոխանցելու մասին

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում կառավարող մարմինը լուծարելու և իշխանությունը տեխնոկրատների կոմիտեին փոխանցելու մասին

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ լուծարում է կառավարման այն մարմինը, որը գրեթե երկու տասնամյակ ղեկավարում էր Գազայի հատվածը՝ ճանապարհ բացելով տեխնոկրատներից կազմված կոմիտեի համար, որը կստանձնի այդ հատվածի քաղաքացիական կառավարումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ սա կարևոր քաղաքական շրջադարձ է ՀԱՄԱՍ-ի համար, որը ղեկավարում էր Գազայի հատվածը 2007 թվականից։

Այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերին Գազայում ուժի մեջ մտավ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարը, շարժումը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարվել առօրյա կառավարման գործառույթներից։

«Կառավարության արտակարգ իրավիճակների հանձնաժողովի ղեկավար Մոհամմեդ ալ-Ֆարան պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականը։ Նա նաև որոշել է լուծարել հանձնաժողովը՝ հեշտացնելու համար վարչական և կառավարման լիազորությունների փոխանցումը Գազայի կառավարման ազգային կոմիտեին (NCAG)», – AFP-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի կառավարության մամուլի գրասենյակի ղեկավար Իսմայիլ ալ-Թավաբթան։

Գազայի կառավարման ազգային կոմիտեն ստեղծվել է Խաղաղության խորհրդի կողմից, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձևավորել էր 2025 թվականի հոկտեմբերին՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի միջնորդությունից հետո։

«ՀԱՄԱՍ-ը նոր քայլ է կատարել, որի համաձայն այն այլևս չի ղեկավարելու Գազայի հատվածը, որպեսզի վերացնի ցանկացած պատրվակ օկուպացիայի համար», – հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը։

ՀԱՄԱՍ-ը հույս է հայտնել, որ Գազայի կառավարման ազգային կոմիտեն շուտով կստանձնի իր լիազորությունները և պատրաստակամություն է հայտնել հանձնաժողովին փոխանցել կառավարական պարտականությունները՝ դրա հաջող գործունեությունն ապահովելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում