ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներն Իրանի հետ զինված հակամարտության ժամանակ շատ ակտիվորեն օգնել են ամերիկյան զորքերին լոգիստիկային վերաբերող հարցերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։
«Եթե ընդհանուր առմամբ նայենք իրադրությանը, ապա դաշնակիցներն օգնել են», - ասել է նա։
Դաշինքի ղեկավարը շեշտել է, որ Եվրոպայի ռազմաբազաներից 4000-5000 ամերիկյան ինքնաթիռներ են մեկնել պատերազմի ընթացքում, ինչը վկայում է դաշնակիցների աջակցության մասին։
Միաժամանակ Ռյուտեն նշել է, որ համաձայն է Թրամփի հետ այն հարցում, որ «կա հիասթափության պատճառ»։ Նա, սակայն, ընդգծել է, որ դրանք եղել են «առանձին միջադեպեր», երբ մի քանի երկիր հրաժարվել է ԱՄՆ-ին տրամադրել ռազմական օդանավակայաններ։