Իրան

Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից

2 րոպեի ընթերցում

Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ լիովին հասկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը դաշինքի մի շարք երկրների գործողություններից՝ Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, գիտեմ, որ կա հիասթափություն։ Եվ ես լիովին հասկանում եմ հիասթափությունը», - ասել է նա՝ նկատի ունենալով Թրամփի այն հայտարարությունները, որ դաշինքի որոշ անդամներ հրաժարվել են աջակցել ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտության ժամանակ։

Դրա հետ մեկտեղ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ «դրանք եզակի դեպքեր են»։ Նրա խոսքով՝ դաշինքի անդամ որոշ պետություններ «իրենց բազաներն են տրամադրել» ԱՄՆ ուժերին Իսլամական Հանրապետության դեմ գործողության համար։

«Որպես օրինակ բերենք Իտալիան։ Ամերիկյան 500 ինքնաթիռ օդ է բարձրացել Իտալիայում գտնվող ԱՄՆ բազաներից՝ «Էպիկական ցասում» գործողությանն օգնություն ապահովելու համար», - հավելել է նա։

Ռյուտեն նաև հայտարարել է, որ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դաշինքի 32 անդամից բացի կմասնակցի ևս տասը երկիր։

«Եվ կրկին, երբ մենք ժամանենք Անկարա, մեզ կմիանա ևս 10 երկիր, և դա նրա (խմբ.՝ ԱՄՆ նախագահի) գլխավորած կոալիցիան է՝ բաղկացած  42 երկրից։ Այն դիմակայում է չորս այլ (պետությունների)՝ Չինաստանին, Հյուսիսային Կորեային, Իրանին և Ռուսաստանին, որոնք գործում են միասին և բախվում են վիթխարի հակակշռի՝ ի դեմս Դոնալդ Թրամփի գլխավորած 42 երկրի», - ասել է Ռյուտեն։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ հայտարարել է ռազմարդյունաբերական համալիրի արտադրության ծավալների ավելացման և Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում զինանոցների համալրման անհրաժեշտության մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում