«Ուժեղ Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու դիմում է մուտքագրել ՍԴ
2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հունիսի 19-ին Սահմանադրական դատարանում մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։
Նա հայտնել է, որ դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (726 հազար 819 ձայն, 49.7456 տոկոս), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 006 ձայն, 23.2710 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (144 հազար 983 ձայն, 9.9231 տոկոս): «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։