Գավառում տեղի ունեցավ վիշապաքարերի կերտմանն ու պահպանությանը նվիրված միջոցառում

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լ․Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում «Վիշապների պահապանները» կրթական-մշակութային նախագծի շրջանակներում կայացավ հայկական հնագույն մշակութային ժառանգություն հանդիսացող վիշապակոթողների կերտմանն ու պահպանությանը նվիրված միջոցառում։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ հանդիսացող «ՕնՕֆֆ» ստուդիայի ներկայացուցիչ, պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանը, միջոցառումների այս համահայկական շարքն իրականացվում է  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ի և «Օնօֆֆ» անիմացիոն ստուդիայի համատեղ ջանքերով։ Նախագծի աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը։ Միջոցառման շրջանակում ցուցադրված ֆիլմի ստեղծմանն աջակցել է նաև Հայաստանի կինոյի հիմնադրամը։

Միջոցառման կազմակերպիչները Գավառի հանրակրթական դպրոցների  աշակերտներին բաժանեցին «Վիշապաքարեր․ Հայկական լեռների խորհրդավոր պահապանները» պատկերազարդ գրքույկը, որտեղ ներկայացված է Հայկական լեռնաշխարհում մեզանից մոտ 4-5 հազար տարի առաջ կերտված վիշապակոթողների կառուցվածքը, տեղադրությունը, տեսակները, կրոնական հավատալիքների հետ ունեցած կապը, պատմամշակութային կարևոր նշանակությունը։

Այնուհետ դպրոցականների համար ցուցադրվեց «Օնօֆֆ» անիմացիոն ստուդիայի արտադրած «Վիշապն ու Վահագնը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի պրեմիերան (ռեժիսորներ՝ Ս․ Թադևոսյան, Գ․ Սարգսյան), որը ստեղծվել է Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի հիման վրա

Գիտական ինտերակտիվ զրույցով հանդես եկավ  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բոբոխյանը, ով  ներկայացրեց վիշապաքարերի պատմության, վերջին պեղումների արդյունքների ու դրանց պահպանման կարևորության մասին։ Բանախոսը շեշտեց, որ Վիշապակոթողների կերտման ու տեղադրման ընդգրկուն տարածք է զբաղեցնում Գեղամա լեռնաշղթան, որտեղ գտնվել են բազմաթիվ ձկնակերպ, ցլակերպ կամ երկուսի համադրությամբ ստեղծված վիշապաքարերը։ Վիշապաքարերի հայտնաբերումը և ուսումնասիրությունը ՀՀ ԳԱԱ հնագիտական արշավախումբը շարունակում է Արագած լեռան տարածքներում։ Բանախոսության ավարտից հետո Արսեն Բոբոխյանը պատասխանեց ներկաների հարցերին։

Հանդիսատեսին ներկայացվեց նաև «Տիեզերք» բենդի կողմից հատուկ նախագծի համար հեղինակած նոր երգը։

Միջոցառումը նույն բովանդակությամբ շարունակվեց Սևան քաղաքում՝ տեղի դպրոցականների մասնակցությամբ։

«Մարզային հանդիպումների ավարտից հետո սոցիալական հարթակներում կմեկնարկեն ինտերակտիվ 3 քվեստներ։ Քվեստների արդյունքում հաղթող ճանաչված պատանիները կարժանանան արկածներով լի հատուկ մրցանակի, որն է՝ գիտարշավ դեպի Արագածոտնի մարզում գտնվող իրական վիշապաքարեր»,-ներկայացրեց Սուսաննա Խաչատրյանը։

Հայերեն

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres