Մարզեր

Ախուրյանում գնահատում են տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքները

2 րոպեի ընթերցում

Ախուրյանում գնահատում են տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքները

Շիրակի մարզում հունիսի 10-ին տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Ախուրյան համայնքի ցանքատարածություններին։ Համայնքապետարանում այս պահին իրականացվում է վնասների հաշվառում։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, կարկտահարությունից տուժել են համայնքի 14 բնակավայրի ցորենի և գարու ցանքատարածությունները։ Որոշ բնակավայրերում ուժեղ քամին վնասել է նաև անհատական բնակելի տների տանիքները, կոտրվել են պատուհանների ապակիներ։ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցների հետ շրջել է տուժած բնակավայրերում և տեղում արձանագրել աղետի հետևանքով պատճառված վնասները։

«Այն ցանքատարածությունների դեպքում, որոնք ապահովագրված չեն, մեր մասնագետների միջոցով կփորձենք գնահատել վնասի չափը, կկազմենք համապատասխան արձանագրություններ և դրանք կներկայացնենք կառավարությանը»,-նշում են համայնքապետարանից՝ հավելելով, որ ապահովագրված ցանքատարածությունների սեփականատերերը փոխհատուցում կստանան ապահովագրական ընկերություններից, իսկ չապահովագրված տնտեսությունների վերաբերյալ տվյալները կներկայացվեն համապատասխան պետական մարմիններին։ Վնասների ուսումնասիրությունը շարունակվում է։

Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, գույքագրելու է ստացված ահազանգերը, տեղում ուսումնասիրելու և ճշտելու է վնասների ծավալը։ Առանձին գույքագրման կենթարկվեն նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում