Վրաստան

Ֆրանսիան դատավարություն է սկսում Վրաստանի յոթ քաղաքացիների դեմ՝ հազվագյուտ ռուսական գրքերի գողության համար

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիան դատավարություն է սկսում Վրաստանի յոթ քաղաքացիների դեմ՝ հազվագյուտ ռուսական գրքերի գողության համար

Փարիզում հունիսի 10-ից դատավարություն է մեկնարկում Վրաստանի յոթ քաղաքացիների դեմ՝ ֆրանսիական հեղինակավոր գրադարաններից ռուսական գրականության դասականների հազվագյուտ հրատարակությունների, այդ թվում՝ Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունների գողության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Ըստ տեղեկությունների՝ գողացվել են ռուսական դասականների՝ ընդհանուր առմամբ միլիոնավոր եվրո արժողությամբ հազվագյուտ ստեղծագործություններ, այդ թվում՝ 19-րդ դարի հեղինակավոր գրողներ Ալեքսանդր Պուշկինի և Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունները։

Կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր դավադրության և հանցագործություն կատարելու մտադրության համար, իսկ մի քանիսին մեղադրանք է առաջադրվել նաև ցուցադրված մշակութային առարկայի գողության համար։ Նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Երկու մեղադրյալների դատավարությունն ընթանում է հեռակա կարգով, նրանց նկատմամբ կալանավորման հրամաններ են տրվել։ Եվս երկուսն արդեն դատապարտվել և բանտարկվել են այլ երկրներում նմանատիպ հանցագործությունների համար և ժամանակավորապես հանձնվել են Ֆրանսիային:

Ֆրանսիացի քննիչ դատավորները կասկածում են, որ մեղադրյալները «կազմակերպված հանցավոր ցանցի» մաս են կազմում։

Գողությունները, որոնք տեղի են ունեցել նաև Գերմանիայում, Շվեյցարիայում և Չեխիայի Հանրապետությունում, նպաստել են համատեղ քննչական խմբի ստեղծմանը Եվրոպական միության ոստիկանության և արդարադատության համակարգող գործակալությունների՝ Europol-ի և Eurojust-ի ներքո, ինչը հանգեցրել է 2024 թվականին մի քանի ձերբակալությունների:

Ֆրանսիայում հանցագործությունները տեղի են ունեցել 2023 թվականին Լիոնի Բարձրագույն մանկավարժական դպրոցի (ENS) Դիդրոյի գրադարանում, Փարիզի Ֆրանսիայի ազգային գրադարանում (BnF), ինչպես նաև Լեզուների և քաղաքակրթությունների համալսարանական գրադարանում (BULAC):

Հետաքննիչների տվյալներով՝ գողերը գնացել են գրադարաններ՝ ծանոթանալու հազվագյուտ և արժեքավոր ստեղծագործություններին, լուսանկարել և չափել են դրանք, իսկ ավելի ուշ վերադարձել՝ դրանք գրեթե չտարբերվող պատճեններով փոխարինելով:

Հետագայում գրադարանը հասկացել է, որ ինը ստեղծագործություն փոխարինվել է պատճեններով, որի վնասը գնահատվում է 650 000 եվրո:

Մեղադրյալներից մեկը խոստովանել է, որ գողացել է ստեղծագործությունները, բայց հերքել է մյուս մեղադրյալների հետ համագործակցությունը՝ պնդելով, որ ինքը վաճառել է գրքերը Ռուսաստանում:

Պարբերականը նշում է, որ 2024 թ. հունիսին Ռուսաստանի «Լիտֆոնդ» աճուրդի տունն իր կատալոգում ներառել է Պուշկինի «Կովկասի գերին» վեպի երկրորդ հրատարակությունը, որը համապատասխանում էր BnF-ից գողացված օրինակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում