Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

3 րոպեի ընթերցում

Երգչուհի Լարա Ֆաբիանը, որի կատարմամբ, մեկնաբանությամբ յուրաքանչյուր ստեղծագործություն դիպչում է հանդիսատեսի սրտին, հունիսի 8-ին մենահամերգով հանդես եկավ Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, որը լեփ-լեցուն էր։

Ֆաբիանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց հին ու նոր հիթեր, երգով պատմեց անցած ճանապարհի, սիրո, անսահման  հույսի մասին։

Նրա խոսքով՝  ուր էլ լինես, որքան էլ թվա, թե մութ է, չպետք է հանձնվել. անհրաժեշտ է փնտրել լույսը։

Երկրպագուները, որոնց թվում քիչ չէին օտարազգիները, ամեն երգից հետո ծաղկեփնջեր էին նվիրում երգչուհուն, սեր  խոստովանում և լուսանկարվում նրա  հետ։

Բեմում էր նաև դաշնակահար Էմանուել Փիթուան, որի հետ Ֆաբիանը համագործակցում է  շուրջ 20  տարի։ Երգչուհին նշեց, որ դաշնակահարն իր կողքին է  եղել թե՛ վերելքների ժամանակ, թե՛ բարդ և ծանր օրերին։ Նա ընդգծեց, որ երկար ճանապարհ են անցել, ինչի շնորհիվ ոչ միայն գործընկերներ, այլև հրաշալի բարեկամներ են դարձել։ Ֆաբիանը հորդորեց առանձնահատուկ ծափահարել և՛ դաշնակահարին, և՛ նվագախմբին։

«Երաժշտությունը միայն ինքնաարտահայտման եղանակ չէ, այն հանդիսատեսի հետ կապ հաստատելու,  պատմություններ պատմելու միջոց է, և այդ պատմությունները միավորում են բոլորին»,-ասաց Ֆաբիանը։

Երգչուհին համերգային երեկոն եզրափակեց Je Suis Malade, Je t'aime և Adagio չափազանց զգացմունքային ստեղծագործությունների կատարմամբ և մեծ ցնծություն պարգևեց ներկաներին։

Խոսելով իր թանկ հիշողություններից՝ Ֆաբիանն ասաց. «35 տարի սեր, 35 տարի վերելքներ, վայրէջքներ և գեղեցկություն, որը գերակշռում է։ Գիտե՞ք արդյոք երեքի կանոնը, երեք օրհնությունները... Կա մի շատ պարզ կանոն։ Երբ զգում եք, որ ինչ-որ բան պակասում է, հիշեք Ձեզ համար շատ թանկ երեք բանի մասին, որոնք ունեք և կտեսնեք, որ պակաս թվացող բանը Ձեր ունեցածի շնորհիվ կանհետանա։ Դուք իմ օրհնությունն եք։  Դուք այն երեք բանի մասն եք, որոնք շատ թանկ են ինձ համար։ Շատ շնորհակալ եմ»,-նշեց Ֆաբիանը՝ բեմից հեռանալով բուռն ծափահարությունների, «բրավո» վանկարկումների ներքո։

Համերգային երեկոն իրականացվեց Mezzo և Eventpro ընկերությունների նախաձեռնությամբ։

Հայերեն Русский

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար