7 րոպեի ընթերցում
Հայաստանի կառավարության հունիսի 4-ի որոշմամբ սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները: Հարց զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը հիշեցրել է՝ նախորդող շրջանում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարված փոփոխությունները նպատակ ունեն խթանելու քաղաքացիների ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը՝ միաժամանակ սահմանելով որոշակի չափանիշներ տվյալ գործունեության համար։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ օրենքի փոփոխությունից հետո իրականացվել են մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես` ֆիթնես կենտրոնների գործունեությունը դարձել է ծանուցման ենթակա, և այս տարվա փետրվարի վերջից մինչ օրս իրենց գործունեության մասին ծանուցել են շուրջ 40 կազմակերպություններ։
«Ֆիթնես ծառայություն մատուցող կազմակերպությունները գործում են գրեթե բոլոր մարզերում և Երևանում և աշխարհագրական առումով բավականին լայն ընդգրկվածություն ունեն։ Կառավարության քաղաքականությունը միտված է դրանց զարգացմանը, որպեսզի մարդիկ կարողանան մարզվել առողջ ու ակտիվ ժամանց ապահովող միջավայրում՝ բարելավելով իրենց առողջությունը։ Սահմանվել է նաև ֆիթնես կենտրոններում աշխատող մարզիչների հավաստագրման կարգը՝ կարևորելով քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրող և նրանց մարզող մասնագետների պատշաճ մասնագիտական պատրաստվածության հարցը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հիշեցրել՝ հավաստագրման կարգն այս տարվա մայիսի 7-ից ուժի մեջ է մտել և գործում է։
Ըստ այդմ՝ սահմանված են հստակ ընթացակարգեր և մասնագիտական գիտելիքների շրջանակ, որոնք հիմք են հանդիսանում հավաստագրման համար։
«Ըստ էության` տվյալ որոշումը գալիս է ամբողջացնելու այս քաղաքականության շղթան՝ սահմանելով ֆիթնես կենտրոնների համար նախատեսվող չափորոշիչները։ Դրանք կգործեն որոշման ընդունումից մեկ տարի անց․ գործող կազմակերպությունների համար մեկ տարին բավարար ժամանակ է՝ վերլուծելու իրենց գործունեությունը և անհրաժեշտության դեպքում իրականացնելու համապատասխան փոփոխություններ»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ չափորոշիչները մշակվել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան և ներառում են պահանջներ մարզասարքերի, օդափոխության, սանհանգույցների, ջրամատակարարման, լուսավորության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունների հասանելիության վերաբերյալ։ Մասնավորապես` նախատեսվում է, որ մարզասարքերը պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատներ, ինչը կապահովի դրանց անվտանգ շահագործումը։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է ոլորտի ներկայացուցիչների հետ. մի քանի փուլով քննարկումներ են անցկացվել ավելի քան 40 կազմակերպությունների մասնակցությամբ, ոլորտի կարգավորման մի շարք առաջարկություններ ներկայացվել են հենց նրանց կողմից։ Նա նաև նշել է, որ նախորդ տարվա ուսումնասիրության և 1600 հոգու շրջանում անցկացրած հարցման համաձայն՝ ֆիթնես կենտրոններ հաճախում է յուրաքանչյուր 10 քաղաքացուց 1-ը, և այս ցուցանիշը բարելավման անհրաժեշտություն ունի։ Կառավարության քաղաքականությունը պետք է միտված լինի այդ գործունեության խթանմանը՝ կարգավորելով իրավական դաշտը։
Նա հիշեցրել է՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության շրջանակում մարզերում մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ նախատեսվում է տիպային մարզահամալիրների կառուցում։ Առաջին փուլում դրանք նախատեսվում են Արարատում, Մարտունիում և Եղեգնաձորում։ Արարատում և Մարտունիում հողահատկացումներն արդեն իրականացվել են, նախագծերը փորձաքննություն են անցել, և այժմ շինարարական մրցույթների փուլն է։
«Այս մարզահամալիրներում նախատեսվում է նաև ֆիթնես կենտրոնների առկայություն՝ որպես համալիրների կարևոր բաղադրիչ։ Դրանց կառավարումը նախատեսվում է վստահել մասնավոր ընկերություններին, որոնք մասնագիտացած են այս ոլորտում։ Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ կարգավորումներին զուգահեռ մենք վարում ենք նաև ենթակառուցվածքների զարգացման քաղաքականություն, որը, վստահ եմ, կհանգեցնի էական դրական փոփոխությունների»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Որոշման ընդունման կարևորությունն ընդգծել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ ոլորտում հստակ չափանիշների ներդրումը և դրանց պահպանման նկատմամբ վստահությունը հնարավորություն կտան ֆիթնես ծառայությունները կապել առողջապահական ապահովագրության համակարգի հետ։
«Եթե ոլորտը կարգավորված է և ունի թվային շտեմարաններ, որոնք արձանագրում են քաղաքացու ֆիթնես պատմությունը, ապա կարող ենք մեկնարկել նաև քեշբեքի ծրագիրը։ Այս դեպքում ֆիզիկական ակտիվության վրա կատարված ծախսերը կարող են դիտարկվել որպես առողջապահական ապահովագրության շրջանակում կատարված ծախսեր, և քաղաքացիները կկարողանան օգտվել համապատասխան հետվճարի մեխանիզմներից»,- նշել է փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է ապահովել ծառայությունների էլեկտրոնային գրանցում և տվյալների փոխանակում «Արմեդ» համակարգի հետ, ինչը թույլ կտա գործարկել հետվճարի մեխանիզմները։
«Սինխրոնիզացիան չափազանց կարևոր է․ մարդը պետք է գիտակցի, որ իր յուրաքանչյուր քայլը, որն ուղղված է սեփական առողջության ամրապնդմանը, միաժամանակ նպաստում է նաև հանրային առողջության և հանրային վարքականոնի ձևավորմանը։ Այդ ներդրումը պետք է ճանաչվի և գնահատվի պետության կողմից՝ համապատասխան համակարգերի միջոցով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարար նաև նշել է՝ թվայնացման օրակարգում ներառված է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծումը, որի մի բաղադրիչն արդեն գործարկվել է, մյուս բաղադրիչները մշակվում են և առաջիկայում կքննարկվի Թվայնացման խորհրդում։