Հայաստան

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինծառայությունից ազատման պայմանները

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինծառայությունից ազատման պայմանները

Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/ ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առանվազն երեք տարի ՀՀ-ում սահմանված ոլորտներում աշխատելուց հետո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ ընդգծելով, որ գործընթացը կարգավորվում է` համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման։ Ըստ այդմ՝  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում վերոնշյալ ակադեմիական վարկանիշավորման Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու և ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում առնվազն երեք տարի աշխատելու համար: Նշված պահանջը կատարելու դեպքում քաղաքացին սահմանված կարգով կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անհրաժեշտ է ապրիլի 1-ից մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Որոշման նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին կրթություն ստանալ աշխարհի առաջատար բուհերում և ստացած գիտելիքն ու մասնագիտական ներուժը կիրառել Հայաստանի Հանրապետության զարգացման և ռազմավարական նշանակություն ունեցող հետևյալ ոլորտներում՝

Հանրային կառավարման ոլորտ (աշխատանքը ՀՀ նախագահի աշխատակազմում, նախարարություններում, ինչպես նաև վարչապետի աշխատակազմում, կառավարության, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմիններում, Ազգային ժողովում, դատական իշխանության մարմիններում և ինքնավար պետական մարմիններում)

Կրթության և գիտության ոլորտ (աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական կազմակերպություններում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրթական ուսումնական հաստատություններում)

Ռազմարդյունաբերության ոլորտ (աշխատանքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2069- Ա հրամանով հաստատված  կազմակերպություններում)

Բարձր տեխնոլոգիաների ոլորտ (աշխատանքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2068- Ա հրամանով հաստատված  կազմակերպություններում)

Առողջապահության ոլորտ (աշխատանքը Առողջապահության նախարարի 2026 թվականի օգոստոսի 26-ի թիվ 4917-Ա հրամանով (փոփոխությունը` 2026 թվականի օգոստոսի 31-ի թիվ 4999-Ա հրաման) հաստատված  կազմակերպություններում)

Ֆինանսական ոլորտ (աշխատանքը Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1/358 Ա որոշումով հաստատված  կազմակերպություններում):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում