Եվրոպա

Բելգիայում բացվեց առաջին TUMO կենտրոնը․ հայկական կրթական մոդելը նոր կամուրջ է ստեղծում Հայաստանի և Վալոնիայի միջև

10 րոպեի ընթերցում

Բելգիայում բացվեց առաջին TUMO կենտրոնը․ հայկական կրթական մոդելը նոր կամուրջ է ստեղծում Հայաստանի և Վալոնիայի միջև

Բելգիայում առաջին TUMO կենտրոնը պաշտոնապես բացվեց Լիեժի սրտում՝ La Grand Poste-ում։

12-18 տարեկան երիտասարդների համար նախատեսված այս նորարարական կենտրոնը նրանց հնարավորություն կտա անվճար զարգացնել ապագայի համար կարևորագույն հմտություններ՝ ծրագրավորում, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, տեսախաղերի ստեղծում, գրաֆիկական դիզայն և թվային այլ ուղղություններ։

TUMO Liège-ի բացումը կարևոր իրադարձություն է ոչ միայն Լիեժի և Վալոնիայի, այլև հայ-բելգիական հարաբերությունների համար։ Հայաստանում ստեղծված կրթական մոդելը այսօր արդեն գործում է Բելգիայում՝ դառնալով երիտասարդների թվային կրթության, ստեղծարարության և մասնագիտական կողմնորոշման նոր հարթակ։

Վալոնիայի համար այս նախագիծը տեղավորվում է տարածաշրջանի ռազմավարական զարգացման ավելի լայն տեսլականի մեջ։ Վալոնիայի կառավարության փոխնախագահ և տնտեսության, արդյունաբերության, զբաղվածության և թվային տնտեսության նախարար։ Պիեռ-Իվ Ժեհոլեն Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ Վալոնիայի տարածաշրջանը կանգնած է մի շարք կարևոր մարտահրավերների առաջ՝ արդյունաբերության վերականգնում, ռազմավարական ինքնավարություն առողջապահության, էներգետիկայի, ագրոպարենային և պաշտպանության բնագավառներում, ինչպես նաև ընկերությունների մրցունակության բարձրացում։

Նրա խոսքով՝ այս բոլոր նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են նոր սերնդի հմտություններ և որակյալ մասնագետներ։

«Վալոնիան պետք է հաղթահարի տարբեր մարտահրավերներ։ Մենք գիտենք, որ ունենք մեր տարածքի և տնտեսական գործունեության վերաարդյունաբերացման խնդիր, ռազմավարական ինքնավարության խնդիր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, էներգետիկան, ագրոպարենային ոլորտը և պաշտպանությունը։ Հետևաբար, մենք պետք է աշխատենք մեր ընկերությունների մրցունակության, բայց նաև տաղանդների և կրթության վրա»,-ասել է նա։

Նախարար Ժեհոլեն հատկապես կարևորում է երիտասարդների մոտ թվային և տեխնոլոգիական ոլորտների նկատմամբ հետաքրքրության ձևավորումը։

«TUMO-ն, որը գալիս է Հայաստանից, իր հետ բերում է Հայաստանի ամբողջ փորձն ու գիտելիքը թվային ոլորտում։ Մեզ համար շատ կարևոր է Վալոնիայում և Լիեժում ունենալ TUMO-ի նման կենտրոն՝ երիտասարդների մոտ կոչումներ արթնացնելու համար։ Առանց տաղանդների մենք չենք կարող հաղթահարել այս մարտահրավերները»,- նշել է Ժեհոլեն։

Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ TUMO Liège-ի բացումը ոչ միայն կրթական նախաձեռնություն է, այլև հայկական նորարարական ներուժի միջազգային ճանաչման կարևոր օրինակ։ Նրա համար այս նախագիծը նաև խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ հայկական բրենդը Բելգիայում ներկայանում է կրթության, զարգացման և ապագայի հմտությունների միջոցով։

«Այսօր սա հայկական հպարտության առիթ է։ Կարծում եմ՝ այս փուլում մենք հպարտանալու շատ առիթներ ունենք, բայց ինձ համար սա նաև շատ խորհրդանշական է։ Նորարար Հայաստանը այն երկրում, որտեղ ես պատիվ ունեմ ներկայացնելու մեր երկիրը, բերում է հայկական բրենդ, որը բերում է կրթություն և զարգացում»,- ասել է նա։

Դեսպանը կարևորում է նաև այն փաստը, որ ծրագիրն արժանացել է ինչպես Վալոնիայի կառավարության, այնպես էլ բելգիական խոշոր ընկերությունների աջակցությանը։ Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, որ հայկական կրթական մոդելը ոչ միայն ընդունվում, այլև բարձր է գնահատվում Բելգիայում։

«Այն, որ այս ծրագիրը ֆինանսավորվում է ինչպես Վալոնիայի կառավարության, այնպես էլ խոշոր բելգիական ընկերությունների կողմից, ցույց է տալիս, որ այն ընդունվում, ընկալվում և բարձր է գնահատվում այդ բոլոր ներկայացուցիչների կողմից։ Սա շատ լուրջ ձեռքբերում է Հայաստանի համար, բայց նաև կարևոր ձեռքբերում է Բելգիայի, Վալոնիայի և հայ-բելգիական հարաբերությունների համար»,- շեշտել է դեսպանը։

Տիգրան Բալայանը նաև նշում է, որ աշխատանքները շարունակվում են TUMO-ի ներկայությունը ընդլայնելու ուղղությամբ՝ ոչ միայն Բելգիայի այլ քաղաքներում, այլև Լյուքսեմբուրգում։

«Մենք շարունակում ենք աշխատանքները ոչ միայն Բելգիայի այլ քաղաքներում, այլ նաև, օրինակ, Լյուքսեմբուրգում TUMO կենտրոն ունենալու ուղղությամբ։ Հուսով եմ՝ շուտով կունենանք որոշակի զարգացումներ նաև այս առումով»,- հավելել է Բալայանը։

TUMO Liège-ի տնօրեն Թոմա Լենուարի համար կենտրոնի բացումը երկարատև աշխատանքի իրական արդյունք է։ Նրա խոսքով՝ առաջին ուսանողների մուտքը կենտրոն ցույց է տվել, որ հայկական մոդելը հաջողությամբ աշխատում է նաև Բելգիայում։

«Մեր երազանքը սկսվեց երկուշաբթի, որովհետև հենց երկուշաբթի օրվանից մենք ընդունում ենք առաջին ուսանողներին TUMO-ում։ Սա շատ շաբաթների թիմային աշխատանքի իրական արդյունքն է։ Տեսնել, թե ինչպես են առաջին երիտասարդները մի փոքր ամաչկոտ ներս մտնում, իսկ հետո դուրս գալիս լայն ժպիտով՝ ասելով, որ շատ լավ ժամանակ են անցկացրել և կրկին վերադառնալու են, իսկական հպարտություն է»,-նշել է նա։

Թոմա Լենուարը ընդգծում է, որ TUMO-ի ուժը հենց դրա ունիվերսալության մեջ է։ Մոդելը կարողանում է աշխատել տարբեր երկրներում և տարբեր միջավայրերում՝ անկախ երիտասարդների նախնական գիտելիքներից կամ տեխնոլոգիական պատրաստվածությունից։

«Հաճելի է տեսնել, որ Հայաստանում ստեղծված մոդելը, որը նույնն է ամբողջ աշխարհում, աշխատում է նաև Բելգիայում։ TUMO-ի ուժն այն է, որ այն առաջարկում է ունիվերսալ բան՝ անկախ երիտասարդների նախնական գիտելիքներից կամ տվյալ ոլորտներում նրանց պատրաստվածության մակարդակից։ Վերջում բոլորը կարողանում են առաջ գնալ»,- ասել է Լենուարը։

Կենտրոնի բացման նախապատրաստական փուլում ամենակարևոր մարտահրավերներից էր տեխնիկական և կազմակերպչական բոլոր ստանդարտների ապահովումը։ TUMO-ն գործում է միջազգային միասնական չափանիշներով․ սարքավորումները, տարածքի դիզայնը, ուսումնական միջավայրը և ամբողջ փորձառությունը պետք է համապատասխանեն նույն որակի պահանջներին՝ անկախ նրանից՝ կենտրոնը գտնվում է Երևանում, Փարիզում, Բեյրութում, թե Լիեժում։

Այս հարցում կարևոր դեր է ունեցել նաև TUMO-ի կենտրոնական գրասենյակի աջակցությունը Հայաստանում։ Թոմա Լենուարի խոսքով՝ հենց բացումից հետո է ամբողջությամբ պարզ դառնում, թե ինչու է հայկական կողմը այդքան հետևողական որակի հարցում։

«Հիմա, երբ կենտրոնը բացվել է, ես հասկանում եմ, թե ինչու էր Հայաստանը այդքան հետևողական որակի չափանիշների հարցում։ Դա TUMO-ի փորձառության մի մասն է։ Երբ ասում են, որ ուսանողները առաջին տեղում են, դա պարզապես կարգախոս չէ․ ամեն ինչ իսկապես մտածված է երիտասարդների համար»,- նշել է նա։

TUMO Liège-ը յուրաքանչյուր սեսիայի ընթացքում կարող է ընդունել մինչև 129 երիտասարդ։ Օրական նախատեսված է երկու սեսիա, իսկ շաբաթական կենտրոնը կկարողանա ընդունել մոտ 600 ուսանողի։ Տարեկան նպատակն է պատրաստել 1 000-ից 1 500 երիտասարդի Լիեժից և շրջակա տարածքներից։

Ծրագիրը նաև աջակցություն է ստանում տեղական գործընկերների կողմից, այդ թվում՝ Ethias-ի։ Ընկերության համար TUMO Liège-ին աջակցելը նշանակում է մասնակցել մի նախագծի, որը երիտասարդներին պատրաստում է թվային մեծ փոփոխություններին և միաժամանակ ամրապնդում Լիեժի ու Վալոնիայի IT էկոհամակարգը։

Ինչպես ընդգծում է Gré-Liege-ի տնօրեն Ժան-Քրիստոֆ Պետերկենը, այս նախաձեռնության հիմքում երիտասարդներին ապագայի մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություն փոխանցելու գաղափարն է։

«TUMO-ի հետ մեր հավաքական նպատակն է յուրաքանչյուր երիտասարդի մոտ արթնացնել ցանկություն ընտրելու ուսում և ուղի STEAM ոլորտներում՝ գիտություն, տեխնոլոգիաներ, ինժեներիա, արվեստ և մաթեմատիկա։ Դրանք ոլորտներ են, որոնք գտնվում են մեր տարածաշրջանի մրցունակության հիմքում»,- ընդգծել է Պետերկենը։

TUMO Liège-ի բացումը, այսպիսով, շատ ավելին է, քան նոր կրթական կենտրոնի մեկնարկը։ Այն հայկական նորարարական փորձի, Վալոնիայի տնտեսական տեսլականի և հայ-բելգիական համագործակցության կարևոր հանդիպման կետ է։

Այս կենտրոնը դառնում է հարթակ, որտեղ երիտասարդները կարող են բացահայտել իրենց տաղանդները, զարգացնել թվային և ստեղծարար հմտություններ, ընտրել ապագայի մասնագիտություններ և դառնալ նոր տեխնոլոգիական իրականության ակտիվ մասնակիցներ։

Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկաները համակարծիք են՝ TUMO Liège-ը նաև հզոր խորհրդանիշ է․ այն ցույց է տալիս, որ Հայաստանում ծնված կրթական մոդելը կարող է ներշնչել, կրթել և զարգացնել երիտասարդներին աշխարհի տարբեր երկրներում՝ միաժամանակ նոր բովանդակություն հաղորդելով Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում