Գյումրիում բացվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի «Անվերջ վերադարձ» ցուցահանդեսը
3 րոպեի ընթերցում
Գյումրիի «Կումայրի» պատմա-մշակութային թանգարան-արգելոցի պատկերասրահում մայիսի 16-ին հանդիսավորությամբ բացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված գեղանկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադայի (Սամվել Գրիգորյան) «Անվերջ վերադարձ» խորագիրը կրող անհատական հետահայաց ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է
«Արմենպրես»-ը, ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի տարբեր տարիների 80 մեծադիր գեղանկարչական կտավներ:
Մշակութային այս խոշոր իրադարձությունը կյանքի է կոչվել Գյումրii համայնքապետարանի և «Շիրակ» հայրենակցական միության աջակցությամբ։
«Այս ցուցասրահում ամենատարբեր ցուցահանդեսներ են բացվել, բայց պետք է ասեմ, որ այս մեկը ծավալի իմաստով բացառիկ է․ մեկ ամիս շարունակ Գյումրիում կցուցադրվեն 80 մեծադիր աշխատանքներ։ Մեզ համար մեծ պատիվ է և առանցքային նշանակություն ունի գյումրեցի արվեստագետի վերադարձը հայրենի քաղաք ու նրան հենց այստեղ ներկայացնելու հանգամանքը։ Ցուցահանդեսը սպասված էր. Սամվել Սևադան միշտ սպասված է Գյումրիում, և սա նրա ոչ առաջին, ոչ էլ վերջին ցուցահանդեսը կլինի այստեղ»,-նշեց Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
Հարազատ քաղաքում հանդես գալը մեծ հուզմունքով ու պատասխանատվությամբ է ընդունել հենց ինքը՝ հեղինակը։ Սամվել Սևադայի խոսքով՝ գյումրեցիների առջև ներկայանալը միշտ առանձնահատուկ քննություն է։
«Իմ ցուցահանդեսի խորագիրն ամեն ինչ ասում է՝ «Անվերջ վերադարձ»։ Բոլոր գյումրեցիները գիտեն՝ երբեք հեռանալով չեն կտրվում քաղաքից, և այսօր ինձ համար շատ թանկ օր է։ Տարիներ առաջ Գյումրիում ներկայացել եմ աբստրակտ աշխատանքներով և լուսանկարչական գործերով, իսկ սա իմ երրորդ անհատական ցուցահանդեսն է հայրենի քաղաքում։ Անչափ ուրախ եմ և շնորհակալ բոլոր նրանց, որոնք օգնեցին ու աջակցեցին այս գաղափարի իրականացմանը»,- ասաց Սամվել Սևադան:
Արվեստագետն իր խորին երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, որոնք մեծ աջակցություն ու օժանդակություն են ցուցաբերել ցուցահանդեսի կազմակերպման հարցում: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստագետներ, մշակութային գործիչներ, հյուրեր մայրաքաղաք Երևանից, ՀՀ տարբեր մարզերից ու արտերկրից:
«Անվերջ վերադարձ» ցուցահանդեսը Գյումրիի «Կումայրի» պատկերասրահում բաց կլինի ուղիղ մեկ ամիս՝ մինչև հունիսի 16-ը: