Գագիկ Ծառուկյանը Աբովյանում հայտարարել է, որ ԲՀԿ-ն ունի ծրագիր, փորձ և կապեր Հայաստանը զարգացնելու համար
3 րոպեի ընթերցում
Նախընտրական քարոզարշավի երրորդ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք է անցկացրել Աբովյանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես է եկել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Նա շնորհակալություն է հայտնել աբովյանցիներին ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի տարբեր մարզերում ու համայնքներում զգում է մարդկանց սպասելիքները։
«Ես ավելի շատ պարտավորված եմ ինձ զգում, որ կարողանամ դա իրականացնել, կյանքի կոչել»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ կուսակցությունն ունի փորձ, ծրագիր և հնարավորություններ՝ իրավիճակը փոխելու համար։
«Կարող ենք, փորձ ունենք, հնարավորություն ունենք, կապեր ունենք, թիմ ունենք, ծրագիր ունենք»,- ասել է Ծառուկյանը։
Նա քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ընտրություններին և քվեարկել ԲՀԿ-ի օգտին։
«Միայն մնում է, որ գնաք ընտրության, ընտրեք համար 7-ին, ու դա իրականություն դառնա»,- նշել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ կառավարման համակարգում առաջնայինը պետք է լինեն մասնագիտական կարողությունները, ոչ թե կուսակցական պատկանելությունը։
«Կապ չունի կուսակցական պատկանելությունը, կապ ունի մարդը, անձը, գիտելիքը, սրտացավությունն ու արդյունավետությունը»,- հայտարարել է նա։
Ծառուկյանն անդրադարձել է նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն, որն իր միջոցներով կառուցվել է տարիներ առաջ` նշելով, որ այն դարձել է ճանաչված կենտրոն աշխարհի տարբեր երկրներից ժամանող հայերի համար։
Նա խոսել է նաև կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի մասին՝ այն որակելով ազգային վերածննդի, համախմբման և քրիստոնեական ինքնության խորհրդանիշ։ Նախատեսվում է, որ արձանը կկանգնեցվի Հատիս լեռան վրա։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։
Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։
ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Նախընտրական նախաձեռնությանը միացել են նաև «Մայր Հայաստան» կուսակցությունը և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։
Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։