2 րոպեի ընթերցում
«Հայաստան» դաշինքի անդամները՝ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված զինծառայողների հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 9-ին` նախընտրական քարոզչության երկրորդ օրը, լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանը նշել է, որ հերոսների հիշատակը լավագույնս պահելու ձևը նրանց գործին հավատարիմ մնալն է։
«Հերոսների հիշատակը լավագույնս պահելը նրանց գործին հավատարիմ լինելն է։ Կարծում եմ՝ սա ամենամեծ խորհուրդն է և այն, ինչ այսօր բավականաչափ բացակայում է»,- հայտարարել է Քոչարյանը։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։
Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնական շեշտադրումները, որոնց թվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը, գույքահարկի բարձրացման մեղմացումը կամ չեղարկումը, համատարած հայտարարագրման համակարգի չեղարկումը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը։