Քաղաքականություն

«Բարև ուժեղ լրագրողներին». այսպես է Սամվել Կարապետյանը ողջունել ասուլիսին, որին «Արմենպրես»-ը չէր հրավիրվել

3 րոպեի ընթերցում

«Բարև ուժեղ լրագրողներին». այսպես է Սամվել Կարապետյանը ողջունել ասուլիսին, որին «Արմենպրես»-ը չէր հրավիրվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը մայիսի 7-ին ասուլիս էր հրավիրել՝ խոսելու իր ղեկավարած ուժի անելիքների, նախընտրական քարոզչության և ընտրության ելքի կանխատեսումների մասին:

Ասուլիսին, որին մասնակցողներին նա ողջունեց «Բարև ուժեղ լրագրողներին» արտահայտությամբ, «Արմենպրես»-ը հրավիրված չէր: Թե ինչ սկզբունքով էր կազմակերպվել քաղաքական պայքարի մեջ մտնելու հայտ ներկայացնելուց հետո Սամվել Կարապետյանի երկրորդ հանդիպումը լրագրողների հետ, հայտնի չէ: Օրեր առաջ կայացել էր նրա առաջին ասուլիսը՝ միայն մի քանի հեռուստաընկերության լրագրողների հետ:

Այդուհանդերձ, ներկայացնենք ասուլիսին Կարապետյանի հնչեցրած գնահատականները ընտրական գործընթացի հետ կապված:

Նա վստահ է, որ իր գլխավորած ուժը բացարձակ հաղթանակի է հասնելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Իսկ պլան Բ ունենալու մասին հարցին ի պատասխան ասել է. «Գիտեք, այդ պլան Բ-ն ունի միայն հայ ժողովուրդը։ Ես միայնակ ի՞նչ պետք է անեմ։ Հայ ժողովուրդը ունի բոլոր պլանները, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, վստահ ենք դրանում» ։

Հարցին, թե պատրա՞ստ են հետընտրական զարգացումների, տեսնո՞ւմ են ընտրություններից հետո քաղաքական ակցիաների անցկացման հնարավորություն, Սամվել Կարապետյանը պատասխանել է. «Դե գիտեք, հիմա այսօր մենք քննարկենք, թե ինչ կլինի ընտրություններից հետո կամ դրանից 5 ամիս հետո... մենք նախապատրաստվում ենք և գնում ենք ընտրությունների։ Մենք հիմա դրա մասին պետք է մտածենք։ Հաստատ իմացեք՝ մենք պատրաստ ենք ցանկացած քայլի, սրանից ավել բան ձեզ չեմ ասելու»։

Նա վստահեցրել է, որ իշխանության գալու դեպքում իրենք «մեծ արագությամբ զարգացնելու են Հայաստանի տնտեսությունը և բերելու են արժանապատիվ խաղաղություն»։

Կարապետյանն ասել է, թե իր ղեկավարած ուժի առաջնահերթություններից է լինելու երկրում աղքատության վերացումը, քանի որ «ամոթ է, որ մեր երկրում կան երեխաներ, որոնք սոված են քնում»։

Սամվել Կարապետյանը, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն։ Վերջերս նա հայտարարել էր, որ սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց։ Ասուլիսի ժամանակ նա նշեց, որ պրոցեսն ընթացքի մեջ է։

«Հենց անհրաժեշտություն լինի, օրը գա, ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի»,-ասել է նա։ 

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։   

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում