ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Հանրապետության հրապարակի, Օպերայի և Հրաչյա Աճառյանի հոբելյանական միջոցառումների ծրագրերը

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ապրիլի 27-ին տեղի են ունեցել հոբելյանական հանձնաժողովների նիստերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, հանձնաժողովների նիստերին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հոբելյանական տարում անցկացվող ծրագրերի, դրանց միջոցով հոբելյանական առիթներն առավել տեսանելի դարձնելու կարևորությունը։

Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում, որը, ըստ նախարարի, հոբելյանն ըստ արժանվույն ներկայացնելու հնարավորություն է։ «Հանրապետության հրապարակի կառուցման մեկդարյա պատմությունը պետք է ներկայացնել և նշանավորել ոչ միայն որպես ճարտարապետական արժեք, այլև որպես ՀՀ պետական կարևոր խորհրդանիշ»,- ընդգծել է նա։

Հանձնաժողովի նիստում առաջարկվել է, ըստ նախկին փորձի, տարածել բաց հրավեր տարբեր առաջարկների հավաքագրման համար՝ գործընթացը հնարավորինս ներառական դարձնելու նպատակով։

Բացի բովանդակային և մասնագիտական կառույցներից՝ նախարարը կարևորել է նաև դպրոցների ներգրավվածությունը՝ շեշտելով, որ հոբելյանները պետք է դառնան հանրային կյանքի մաս։

Առաջարկվել է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական միջոցառումներում որպես կարևոր բաղադրիչ՝ ընդգծել ՀՀ անկախության 35-ամյակի շեշտադրումը։

Հանձնաժողովի անդամները նախանշել են կենտրոնական՝ գլխավոր միջոցառումների ընտրությունը, միջազգային տարբեր հարթակներում հոբելյանների հանրահռչակումը։

Հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստին ներկա են եղել նաև ընտանիքի անդամներ: Հրաչյա Աճառյանի (1876-1953թթ․) ծննդյան 150-ամյա հոբելյանը ևս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջոցառումների ծրագրում պետք է հաշվի առնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվող միջոցառման կարևորությունն ու պատշաճ իրականացումը:

«Աճառյանի ժառանգությունը պետք է հասանելի դարձնել նաև դպրոցահասակների շրջանում: Սա լավ հնարավորություն է հայերենի գրավչությունն ու հարստությունն առավել տեսանելի դարձնելու առումով՝ խրախուսելով ուսուցիչներին, որպեսզի ջանքեր գործադրեն հայերենի զարգացման գործում Աճառյանի ներդրումը տեսանելի դարձնելու ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Դիտարկվել են կրթական ծրագրերի, դպրոցական նախագծային աշխատանքների, Աճառյանի ժառանգությունը վերաիմաստավորող միջոցառումների հնարավորությունները:

Հանձնաժողովի անդամները քննարկել են Հրաչյա Աճառյանին նվիրված միջազգային գիտաժողովների անցկացումը, հրատարակչական աշխատանքների իրականացումը, երկերի հատորաշարերի կազմումը, արտերկրում Աճառյանի կենսագրության արձանագրման և հանրահռչակման ձևաչափերը:

Բաց հրավերով ստացված առաջարկները նախապես կտրամադրվեն հանձնաժողովների անդամներին, այդուհետ դրանք կքննարկվեն և կընտրվեն ըստ ընթացակարգի։

Հայերեն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է գրանցվել

Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար . ֆոն դեր Լեյեն

Քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր

Սրբուհի Գալյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը

ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների զոհերի թիվը հասել է 47-ի

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱԷՄԳ մուտքը միջուկային օբյեկտներ կախված է ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

«Նոր ուժ» և «Հանուն Հանրապետության» դաշինք կուսակցությունները դիմել են ՍԴ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության ամենամյա համաժողովին