Մարզեր

Գյումրին շների կացարան կունենա. էսքիզային նախագիծն արդեն պատրաստ է

2 րոպեի ընթերցում

Գյումրին շների կացարան կունենա. էսքիզային նախագիծն արդեն պատրաստ է

Գյումրիում կկառուցվի շների կացարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գյումրիի համայնքապետարանից,  քաղաքային իշխանությունները որոշել են կացարանի կառուցումն իրականացնել համայնքի միջոցներով: Գյումրիի քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը նշել է, որ քաղաքն արդեն ունի կացարանի էսքիզային նախագիծը, ինչը թույլ կտա սեղմ ժամկետներում անցնել բուն շինարարական փուլին: Առաքելյանը խոսքով՝ նախկինում հարցը փորձել են լուծել «Մասնակցային բյուջետավորման» ծրագրի շրջանակներում: Դա բավականին խոշոր՝ 124 միլիոն դրամ արժողությամբ նախագիծ էր, որի հիմնական մասը՝ շուրջ 80 միլիոն դրամը, պետք է հատկացներ ՀՀ կառավարությունը: Սակայն գործնական փուլում համայնքը բախվել է անսպասելի խնդրի. հինգ անգամ հայտարարված մրցույթներից և ոչ մեկը չի կայացել շինարարական կազմակերպությունների հետաքրքրության բացակայության պատճառով: Ժամկետները լրանալուց հետո գումարները հետ են կանչվել, և ծրագիրը չեղարկվել է:

Այդուհանդերձ՝ որոշվել է խնդրին տալ համայնքային լուծում: Նոր կացարանը կառուցվելու է քաղաքապատկան տարածքում՝ նախկին թռչնաբուծական ֆաբրիկայի տեղում: «Էսքիզային նախագիծն արդեն պատրաստ է, որը շատ արագ կվերածվի վերջնական աշխատանքային նախագծի, ինչից հետո կհայտարարվի շինարարի մրցույթը»,-նշել է Ավետիս Առաքելյանը՝ հավելելով, որ այս կենտրոնը հնարավորություն կտա թափառող կենդանիների պոպուլյացիան կառավարել բացառապես մարդասիրական մեթոդներով և ապահովել քաղաքի անվտանգությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում