Մարզեր

Շիրակի մարզի բոլոր համայնքները միացել են համապետական շաբաթօրյակին

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի բոլոր համայնքները միացել են համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը միացել են համապետական շաբաթօրյակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սանիտարական մաքրման աշխատանքներին ներգրավվել են պետական և մասնավոր կազմակերպություններ, հասարակական կառույցներ ու բազմաթիվ քաղաքացիներ։

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, շաբաթօրյակին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ։ Աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար գործի է դրվել շուրջ 140 միավոր տեխնիկա և տասնյակ հազարավոր գործիքներ։ Մաքրման աշխատանքներ են իրականացվել հարյուրից ավելի տեղամասերում։

Մարզպետի աշխատակազմը միացել է նախաձեռնությանն ամբողջ կազմով։ Աշխատակիցները, բաժանվելով առանձին խմբերի, մաքրման և բարեկարգման աշխատանքներ են կատարել Գյումրու Իսահակյան փողոցում և հարակից պուրակում։ Անդրադառնալով նախաձեռնության կարևորությանը՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա յուրաքանչյուրի ամենօրյա վարքագիծը.

«Շաբաթօրյակները պարզապես մեկօրյա նախաձեռնություն չեն ու չպետք է լինեն. դրանք մեր վերաբերմունքի արտահայտությունն են սեփական համայնքի, քաղաքի և ամբողջ երկրի նկատմամբ։ Մաքուր շրջակա միջավայրը առողջ կյանքի հիմքն է, և յուրաքանչյուրիս մասնակցությունն այս գործին ունի կարևոր նշանակություն։ Եթե յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվությամբ մոտենա շրջակա միջավայրի պահպանմանը, չաղտոտի իր շրջապատը և հոգ տանի հանրային տարածքների մասին, ապա մեր մարզն ու երկիրը մշտապես կլինեն մաքուր և բարեկարգ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում