Մարզեր

Գյումրիում երիտասարդների հետ քննարկվել է լավ քաղաքացու դերը պետականաշինության գործում

2 րոպեի ընթերցում

Գյումրիում  երիտասարդների հետ քննարկվել է լավ քաղաքացու դերը պետականաշինության գործում

Շիրակի մարզի տարբեր համայնքներում բազմաբովանդակ միջոցառումներով ու տարբեր ձևաչափերով նշվեց Քաղաքացու օրը։ Տոնի շրջանակում առանցքային հանդիպումներից մեկը տեղի ունեցավ Գյումրու Ն. Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի դահլիճում, որտեղ հավաքվել էին քաղաքի տարբեր դպրոցների բարձր դասարանցիները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառման բանախոսն էր Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության փորձագետ Անի Քոչարյանը։ Հանդիպման առանցքում «քաղաքացի» լինելու գաղափարն էր և անհատի դերը երկրի կառավարման ու պետականաշինության գործընթացում։

Քննարկման ընթացքում բանախոսը հատուկ կարևորեց երիտասարդ սերնդի դերը՝ ընդգծելով, որ «Մենք ենք մեր պետությունը» կարգախոսը պետք է դառնա ապրելակերպ։ Խոսվեց նաև կրթության կարևորության և մեդիագրագիտության մասին, որոնք ժամանակակից քաղաքացու հիմնարար զենքերն են։

«Պետք է հստակ գիտակցել, թե ինչպիսին պետք է լինի քաղաքացին և ինչ ներդրում պետք է ունենա հզոր պետություն ունենալու համար։ Կարևոր է հասկանալ, որ պետությունը ոչ միայն իշխանությունն ու կառավարությունն է, այլ նաև մեզանից յուրաքանչյուրը»,-նշեց Անի Քոչարյանը։

Անմիջական և ակտիվ քննարկման միջոցով աշակերտները փորձեցին վերլուծել, թե ինչպես կարող է սովորական քաղաքացին իր առօրյա վարքագծով ու օրինապահությամբ նպաստել երկրի զարգացմանը։ Հանդիպման մասնակիցները համակարծիք էին՝ պետության հիմքն ամուր է, երբ յուրաքանչյուր քաղաքացի տիրոջ զգացումով և պատասխանատվությամբ է մոտենում իր իրավունքներին ու պարտականություններին։

Միջոցառումն ավարտվեց ինտերակտիվ հարցուպատասխանով, որի ժամանակ երիտասարդները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու տեսլականը՝ ավելի լավ ու կայացած պետություն ունենալու ճանապարհին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում