ԱԲ ագենտների միջոցով առևտրի հեռանկարը. ինչո՞ւ են վճարումներն այժմ պահանջում բազմաշերտ անվտանգություն
14 րոպեի ընթերցում
Մարդկությունը թևակոխում է «անտեսանելի վճարումների» դարաշրջան: Ավանդաբար, վճարման գործողությունը եղել է գիտակցված մարդկային միջամտություն՝ կանխիկի ֆիզիկական փոխանակում, քարտի սահեցում, հեռախոսի հպում կամ «գնել հիմա» կոճակի սեղմում: Բայց քանի որ արհեստական բանականությունը գեներատիվ չատ-բոտերից վերածվում է ինքնավար ագենտների, մարդու դերը ձեռքով կատարումից վերափոխվում է պատվիրակման։ Այսօր ԱԲ ագենտները սկսում են սակարկել գները, կառավարել բաժանորդագրությունները և օպտիմալացնել մատակարարման շղթաները՝ մարդու նվազագույն միջամտությամբ: Այս փոփոխությունը կարևոր հարց է առաջացնում․ երբ մեքենան կամ ագենտը վճարում է մեքենային, ինչպե՞ս երաշխավորել, որ գործողությունը համապատասխանում է մարդու իրական մտադրությանը։
Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի եւ հարավարեւելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ եւ Պրոդուկտների ու լուծումների գծով ղեկավար Ալեքսանդր Յաբլունիվսկու խոսքով՝ Visa-ն դուրս է գալիս պարզ գործարքների մշակման շրջանակից՝ ստեղծելու «վստահության շերտ» ինքնավար տնտեսության համար։ Այս գործընթացում օգտագործելով թոքենիզացիան և տարբեր պրոտոկոլներ, որոնք երաշխավորում են, որ նույնիսկ, եթե վճարումները դառնան անտեսանելի, դրանք երբեք չլինեն ոչ լիազորված։
-Պարոն Յաբլունիվսկի, քանի որ արհեստական բանականության (ԱԲ) ագենտները տեղեկատվություն տրամադրելու փուլից անցնում են ինքնավար առաջադրանքների կատարմանը, վճարման փուլը հաճախ անտեսանելի է դառնում մարդու համար: Ինչպե՞ս է Visa-ն զարգացնում անվտանգության և «մարդու մտադրությունն ապացուցելու» մեխանիզմները, որպեսզի երբ ԱԲ ագենտը վճարի ինչ-որ բանի համար, դա իրոք լիազորված լինի անձի կողմից։
-Visa-ում մենք տասնամյակներ ենք ծախսել առևտրի նկատմամբ վստահության հիմք հանդիսացող ենթակառուցվածքների ստեղծման վրա՝ իրար կապելով ավելի քան 14 հազար 500 ֆինանսական հաստատություններ և 175 միլիոն առևտրականներ՝ տարեկան հարյուր միլիարդավոր գործարքներով: Ագենտների միջոցով իրականացվող առևտուրն այդ առաքելության բնական շարունակությունն է:
Ավանդական առևտրում գործընթացը պարզ է՝ օգտատեր, վաճառող, ցանց, թողարկող: Մեկ փոխազդեցություն, մեկ որոշում: Ագենտների միջոցով իրականացվող առևտրում այժմ առկա են բազմաթիվ ինքնություններ, վստահության մի քանի շերտեր, և դա փոխում է ամեն ինչ։ Վճարման պահն այլևս վերահսկողության միակ կետը չէ:
Քանի որ վճարումները դառնում են ավելի ինքնավար, «մտադրության ապացուցման» ապահովումը դառնում է վճռորոշ: Մեր մոտեցումն է՝ այդ մտադրությունը ներդնել անմիջապես գործարքի հոսքի մեջ: Visa Intelligent Commerce-ի և Trusted Agent Protocol-ի միջոցով սպառողները նախապես սահմանում են կանոնները՝ ծախսերի սահմանաչափերը, վաճառողների կատեգորիաները և թույլատրելի օգտագործման դեպքերը. ցանկացած գործողություն պետք է իրականացվի խստորեն այդ պարամետրերի շրջանակում: Վստահելի ագենտի պրոտոկոլը հնարավորություն է տալիս հաստատված ԱԲ ագենտներին ապահով կերպով կիսվել ստուգված տեղեկատվությամբ վաճառողների հետ, ինչը հնարավորություն է տալիս, որ յուրաքանչյուր գործարք ճանաչվի որպես լիազորված և համապատասխանի սպառողի մտադրությանը, միաժամանակ տարբերակելով վստահելի դերակատարներին չարամիտ գործարքներից։
Այս ամենի տեխնիկական հիմքը թոքենիզացիան է: Քարտի բաց տվյալները ներկայացնելու փոխարեն գործարքներն իրականացվում են անվտանգ, վավերացված թոքենների միջոցով: Visa-ի կողմից գլոբալ մասշտաբով թողարկված ավելի քան 16 միլիարդ թոքեններով այս ենթակառուցվածքը ապահովում է, որ նույնիսկ եթե տվյալները վտանգվեն, դրանք գործնականում օգտագործելի չլինեն՝ ապահովելով պաշտպանության կարևոր շերտ էլ ավելի ավտոմատացվող էկոհամակարգում:
-Այնպիսի միջավայրում, որտեղ աջենտիկ ԱԲ-ն կարող է իրական ժամանակում սակարկել գները կամ փոխել վճարման եղանակները, ինչպե՞ս եք պատկերացնում բանկերի և հաճախորդների միջև ավանդական հարաբերությունները:
-Քանի որ ԱԲ ագենտներն ավելի շատ են ներդրվում առևտրի մեջ, բանկ-հաճախորդ հարաբերությունները տրանզակցիոն բնույթից անցնում են դեպի մտադրության վրա հիմնված հարաբերությունների: Հաճախորդներն այլևս միայն վճարումներ չեն նախաձեռնում. նրանք որոշումներ կայացնելու լիազորությունը պատվիրակում են խելացի ագենտներին, որոնք գործում են՝ ըստ իրենց կողմից սահմանված պարամետրերի։
Այս միջավայրում բանկերի դերը վերափոխվում է այդ պատվիրակմանն աջակցելուն և այն պաշտպանելուն: Սա նշանակում է ապահովել անվտանգ լիազորման ենթակառուցվածք, հստակ վերահսկողության մեխանիզմներ և վստահելի նույնականացման համակարգեր՝ միաժամանակ կուլիսներում աջակցելով տվյալների վրա հիմնված իրական ժամանակի որոշումների կայացմանը: Ֆինանսական հաստատությունները պետք է համադրեն իրենց տեսլականը կատարողականի հետ՝ արդիականացնելով իրենց տեխնոլոգիական բազան և ընդունելով ԱԲ-ի վրա հիմնված հնարավորությունները՝ ավելի ինքնավար առևտրային միջավայրում մրցունակ մնալու համար:
Միևնույն ժամանակ, հարաբերությունները դառնում են ավելի անհատականացված և շարունակական: Երբ ԱԲ-ն գործում է հաճախորդների անունից, բանկերը հնարավորություն են ստանում ներգրավվել գործընթացի ավելի վաղ փուլում՝ օգնելով ձևավորել նախապատվությունները, դինամիկ կերպով կառավարել ռիսկերը և արժեք ստեղծել խելացի պատկերացումների, ադապտիվ վարկավորման և անհատականացված փորձառությունների միջոցով, այլ ոչ թե միայն վճարման պահին:
Ի վերջո, ԱԲ ագենտները չեն մեկուսացնում բանկերին. այլ նրանց բարձրացնում են «խելացի ֆինանսների համակարգողների» կարգավիճակի՝ ներդնելով նրանց արտադրանքը անմիջապես ԱԲ-ով կառավարվող որոշումների հոսքերի մեջ, որտեղ արագությունը, վստահությունը և համապատասխանությունը կարևորագույն նշանակություն ունեն: Deloitte-ի հետազոտությունը վկայում է, որ ագենտներով իրականացվող առևտուրը մինչև 2030 թվականը կարող է բացել մինչև 17,5 տրիլիոն դոլարի համաշխարհային տնտեսական արժեք՝ ստեղծելով հսկայական նոր պահանջարկ բանկային ենթակառուցվածքների, իրացվելիության, ինքնության և ռիսկերի կառավարման ծառայությունների նկատմամբ, որոնց վրա պետք է հենվեն ԱԲ ագենտները։ Ապագայի բանկերը նրանք են, որոնք կդառնան ԱԲ-ի համար նախատեսված ֆինանսական օպերացիոն համակարգը:
-Այս փոփոխությունների լույսի ներքո, ո՞րն է լինելու բանկերի հիմնարար դերը նոր էկոհամակարգում, և որո՞նք են այս գործընթացին բնորոշ հիմնական ռիսկերը:
-Աջենտիկ դարաշրջանում բանկերը շարունակում են ունենալ հիմնարար նշանակություն, ընդ որում նրանց դերը դառնում է ավելի կարևոր: Ֆինանսական հաստատությունները պետք է արդիականացնեն իրենց ենթակառուցվածքները, ընդունեն ԱԲ-ի վրա հիմնված հնարավորությունները և ապահովեն անխափան ու անվտանգ փոխգործունակություն թվայնացվող և գործակալների կողմից կառավարվող առևտրային միջավայրերում:
Երբ ԱԲ-ն սկսում է նախաձեռնել և օպտիմալացնել գործարքները, բանկերը փաստացի դառնում են վերահսկողության շերտ՝ երաշխավորելով, որ յուրաքանչյուր գործողություն լինի անվտանգ, լիազորված և համապատասխանի հաճախորդի մտադրությանը: Սա ներառում է ուժեղ նույնականացում, ծախսերի հստակ վերահսկողություն, ռիսկերի դինամիկ գնահատում և վստահության պահպանում մեծ մասշտաբներով: Միևնույն ժամանակ, բանկերը հաճախորդի անցած ողջ ճանապարհի ընթացքում ավելի անհատականացված և տվյալների վրա հիմնված ֆինանսական ծառայություններ մատուցելու աճող հնարավորություն ունեն:
Սակայն ռիսկերը ևս արագ են աճում։ Խարդախությունը գողացված տվյալներից տեղափոխվում է դեպի կեղծված ինքնություն՝ դիփֆեյքեր, սինթետիկ պրոֆիլներ և կեղծ լիազորման ազդանշաններ: Սա պահանջում է սկզբունքորեն այլ արձագանք՝ բազմաշերտ անվտանգություն, որը համատեղում է թոքենիզացիան, բիոմետրիկան և իրական ժամանակում ԱԲ-ի վրա հիմնված մոնիտորինգը: Օրինակ՝ Visa-ում մենք արդեն կիրառում ենք ավելի քան 100 ԱԲ մոդելներ՝ խարդախությունը հայտնաբերելու և կանխելու համար:
Ի վերջո, հաջողությունը կախված կլինի նրանից, թե որքան արդյունավետ բանկերը կհավասարակշռեն նորարարությունը վստահության հետ՝ զարգացնելով իրենց կարողությունները և միևնույն ժամանակ ամրապնդելով այն երաշխիքները, որոնք հիմք են հանդիսանում վճարումների ողջ էկոհամակարգի համար:
-Ձեր տեսանկյունից ո՞րն է տեխնոլոգիայի կամ բիզնեսի այն հիմնական գլոբալ միտումը, որը կձևավորի հաջորդ տասնամյակը:
-Եթե ստիպված լինեի նշել մեկ միտում, որը կսահմանի հաջորդ տասնամյակը, ապա դա գեներատիվ ԱԲ-ի և տնտեսության թվայնացման հատումն է: 2026 թվականի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցից հատկապես մի դիտարկում ինձ շատ է տպավորել․ փոքր բիզնեսներն այժմ գերազանցում են անհատ սպառողներին գեներատիվ ԱԲ գործիքներ կիրառելու հարցում: Սա կառուցվածքային տեղաշարժ է: Մենք շարժվում ենք դեպի մի աշխարհ, որտեղ հինգ հոգուց բաղկացած փոքր թիմը, որն օժտված է ԱԲ-ով, կարող է գործել իրենից տասնապատիկ մեծ ընկերության մասշտաբով և հասանելիությամբ՝ հիմնովին վերափոխելով մրցակցությունը, ձեռնարկատիրությունը և առևտուրը:
Տվյալները հաստատում են, թե որքան հեռու է արդեն գնացել այս գործընթացը: ECDB-ի (Էլեկտրոնային առևտրի տվյալների բազայի) «Համաշխարհային էլեկտրոնային առևտրի միտումները» զեկույցը ցույց է տալիս, որ ԱԲ-ով իրականացվող գնումների ցանկությունը 54 տոկոսով ավելի լավ է փոխակերպվում վաճառքի, քան ավանդական աղբյուրներով, իսկ մինչև 2028 թվականը կանխատեսվում է, որ ԱԲ-ի վրա հիմնված ինտերֆեյսները կգերազանցեն դասական որոնմանը, ընդ որում բոլոր որոնումների մոտ 60 տոկոսն արդեն առանց հղումով անցնելու են (zero-click) կատարվում: Մենք արագորեն անցնում ենք «ԱԲ-ն որպես որոնողական գործիք» փուլից դեպի «ԱԲ-ն որպես վճարման միջոց»:
Ընդհանուր տնտեսական պատկերը նույնպես նպաստում է այս իրավիճակին։ Կանխատեսվում է, որ 2026 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 2․7 տոկոսով, ինչը կայուն է թվում, բայց այդ կայունության տակ համաշխարհային տնտեսության կառուցվածքը հիմնովին վերափոխվում է: Բիզնեսներն արագացնում են ներդրումներն ԱԲ ենթակառուցվածքներում, մատակարարման շղթաները վերակառուցվում են, իսկ անդրսահմանային վճարումները վերականգնվում են ավելի արագ, քան ներքին վճարումները: Սրանք փոխկապակցված ազդակներ են այն մասին, որ տնտեսությունը վերակազմավորվում է նոր տեխնոլոգիական հնարավորությունների շուրջ: Վճարումների էկոհամակարգը պետք է զարգանա՝ աջակցելու այս նոր իրականությանը փոխգործունակության, իրական ժամանակի հնարավորությունների, վստահության ամուր մեխանիզմների և ԱԲ-ի վրա հիմնված փորձառությունների ինտեգրման միջոցով:
Ընդհանուր առմամբ, սա նշանակում է, որ այն կազմակերպությունները, որոնք այսօր ներդրումներ են անում հարմարվողականության, թվային ենթակառուցվածքների և ԱԲ պատրաստվածության մեջ, լավագույնս դիրքավորված կլինեն առևտրի ապագան ակտիվորեն ձևավորելու համար: Ահա թե ինչու է վճարումների ոլորտում այս տեղաշարժը հատկապես ոգևորիչ:
-Ո՞րն է Ձեր հիմնական կոչը նորարարներին և առաջնորդներին, ովքեր կերտում են ֆինանսների ապագան: Եթե նրանք ցանկանում են վերակառուցել այս էկոհամակարգը, այլ ոչ թե պարզապես արձագանքել դրան, ո՞րը պետք է լինի նրանց առաջին քայլը հենց վաղն առավոտյան։
-Իմ հիմնական կոչն է՝ ի սկզբանե առաջնահերթություն տալ վստահությանը՝ հնարավորություններին զուգահեռ: Վաղն առավոտյան առաջին քայլը պետք է լինի հստակեցնելը, թե ինչպես է ձեր կազմակերպությունը հնարավորություն տալու ապահով և կառավարվող փոխազդեցություն ԱԲ ագենտների և վճարումների միջև՝ սահմանելով լիազորման հստակ կանոններ, ներդնելով ինքնության և ռիսկերի վերահսկման ուժեղ մեխանիզմներ և երաշխավորելով, որ ձեր համակարգերը կարող են աջակցել իրական ժամանակում տվյալների վրա հիմնված որոշումների կայացմանը մեծ մասշտաբներով: Նրանք, ովքեր վաղը կգործեն՝ համադրելով տեխնոլոգիան, կառավարումը և գործընկերությունը այս հիմքի շուրջ, կկարողանան ձևավորել էկոհամակարգի զարգացման ընթացքը: