Ինովացիա

«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ

2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի հետ ստորագրված համաձայնությունների շրջանակում արդեն արձանագրվել են առաջին գործնական արդյունքները բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ստորագրված մի շարք փաստաթղթերից մեկը վերաբերում էր բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը։

«Վերադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ուզում եմ հիշեցնել, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ մենք մի քանի մտադրությունների հուշագիր ստորագրեցինք, նրանցից մեկը վերաբերում էր բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերին և համագործակցությանը»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումից անցած 10 ամիսների ընթացքում արդեն մի շարք կոնկրետ արդյունքներ են գրանցվել։

Նա նշել է, որ Երևանի պետական համալսարանում ստեղծվել է արհեստական բանականության կենտրոն, իսկ կառավարությունը համալսարանի համար ձեռք է բերել սուպերհամակարգիչ։

«Կառավարությունը 10 միլիոն դոլար է հատկացրել և սուպերհամակարգիչ է ձեռք բերել Երևանի պետական համալսարանի համար»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն բացվել է նաև արհեստական բանականության առաջին գործարանը։

«Գագարինում արդեն բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը, և այս օրերին արդեն Հրազդանում կբացվի արհեստական բանականության երկրորդ գործարանը»,-նշել է վարչապետը։

Փաշինյանի գնահատմամբ՝ այս գործընթացը Հայաստանի համար տեխնոլոգիական լրջագույն անցում է և կարող է էական ազդեցություն ունենալ երկրի միջազգային հեղինակության ու ներդրումային միջավայրի վրա։

«Այսպիսի տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալը և այսպիսի ներդրումների համար նպաստավոր և հետաքրքիր երկիր լինելն, իհարկե, էականորեն փոխում է Հայաստանի Հանրապետության և՛ միջազգային իմիջը, և՛ մեր տնտեսական ներդրումային միջավայրը»,-ասել է նա։

Վարչապետը նաև վստահություն է հայտնել, որ «TRIPP» նախագծի և արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերի համակցված ազդեցությունը կնպաստի տնտեսության կայուն աճին։

«Ես կարծում եմ, որ «TRIPP» նախագծի և արհեստական բանականության շուրջ այս գործընթացների շրջանակներում մենք կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ, ինչը երաշխիք է ստեղծում, որ մենք, այդ թվում սոցիալական ոլորտի մեր բարեփոխումները հաջողությամբ իրականություն կդարձնենք»,-հայտարարել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում