Արարատի ցեմենտի գործարանը աշխատում է ամբողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Արարատի ցեմենտի գործարանից՝ նշելով, որ գործարանն աշխատում է ամբողջ հզորությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութին կից նախարարը գրել է. ««Արարատցեմենտ»-ն աշխատում է ամբողջ հզորությամբ»։
Արարատի ցեմենտի գործարանի աշխատանքները դադարեցվել էին հուլիսի 6-ից՝ գործարանի սեփականատեր, գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Նույն օրը իրավապահները խուզարկություններ էին անցկացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ձեռնարկություններում, այդ թվում՝ Արարատի ցեմենտի գործարանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել էր Արարատի ցեմենտի գործարան և տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել էր գործարանի գլխավոր տնօրենը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Զաքարյանը հայտնել էր նախարարության պատրաստակամությունը՝ աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների լուծմանը։
Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին՝ նախարարի տեղակալը նշել էր, որ արտադրական գործընթացի անխափան և անընդհատ ապահովումը կարևոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։
Հուլիսի 9-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալը հայտնել էր, որ Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը։