Կրթություն

Արհեստական բանականությունից մինչև դպրոցական ստարտափներ. Երևանում անցկացվեց ուսուցչական համաժողով

6 րոպեի ընթերցում

Արհեստական բանականությունից մինչև դպրոցական ստարտափներ. Երևանում  անցկացվեց ուսուցչական համաժողով

Երևանում անցկացվեց  «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով ուսուցիչների համաժողովը, որի ընթացքում ոլորտի պատասխանատուները, միջազգային գործընկերներն ու կրթական համայնքի ներկայացուցիչները քննարկեցին տեխնոլոգիաների, արհեստական բանականության և նորարարական լուծումների կիրառման հնարավորություններն ու մարտահրավերները կրթության համակարգում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ Հայաստանի հանրակրթական համակարգը տեխնոլոգիական կրթության տեսանկյունից տարածաշրջանում առաջատար դիրքերում է։

Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների ներդրումը կրթության ոլորտում միաժամանակ մեծ հնարավորություններ և որոշակի ռիսկեր է պարունակում։

«Տեխնոլոգիաները մի կողմից ապահովում են նորարարություն, խթանում սովորողների ստեղծագործական միտքը, նպաստում նոր գաղափարների և պրոդուկտների ստեղծմանը, մյուս կողմից բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ երեխաների առողջության, սովորելու մոտիվացիայի և այլ գործընթացների վրա։ Այդ պատճառով շատ կարևոր է գտնել ճիշտ սահմանը և հասկանալ, թե որ տարիքային խմբում ինչ տեխնոլոգիաներ կարելի է կիրառել»,- ասաց Սվաջյանը։

Նա ընդգծեց, որ համաժողովի նպատակն է ներկայացնել դպրոցներում արդեն առկա հաջողված փորձը և ստեղծել փորձի փոխանակման հարթակ։

Փոխնախարարի խոսքով՝ հանրակրթական դպրոցներում այսօր իրականացվում են բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, որոնք երբեմն վերածվում են ստարտափների նախատիպերի և կարող են հիմք դառնալ աշակերտների ապագա մասնագիտական գործունեության համար։

«Այսօրվա համաժողովը կազմակերպել ենք նաև էքսպոյի ձևաչափով, որպեսզի դպրոցների ներկայացուցիչները հնարավորություն ունենան ծանոթանալու հանրակրթության ոլորտում առկա ծրագրերին և երեխաների նախաձեռնություններին։ Իրապես շատ ոգևորիչ է տեսնել երեխաների հետաքրքրվածությունն ու ստեղծարարությունը»,- նշեց նա։

Անդրադառնալով տեխնոլոգիաների կիրառմանը՝ Սվաջյանը շեշտեց, որ ժամանակակից կրթության պայմաններում դրանց մուտքը դպրոցներ անխուսափելի է. «Որքան էլ ուսուցիչը հետաքրքիր ներկայացնի նյութը, միևնույն է, տեխնոլոգիական գործիքները, տեսանյութերը, լաբորատոր փորձերը և ինտերակտիվ մեթոդները կարող են ուսուցումն ավելի արդյունավետ և տպավորիչ դարձնել»,- ասաց Սվաջյանը։

Միաժամանակ փոխնախարարը կարևորեց արհեստական բանականության կիրառման սահմանների հստակեցումը՝ ընդգծելով, որ այն կարող է և՛ մեծ հնարավորություններ ստեղծել, և՛ որոշակի վտանգներ առաջացնել, եթե սովորողները լիովին կախված դառնան այդ գործիքներից։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ ԵՊՀ-ն իր հիմնադրման առաջին օրերից եղել է գիտելիքի, գիտության և կրթական առաջընթացի կարևոր կենտրոն։

Նրա խոսքով՝ այսօր կրթական համակարգի արագ փոփոխությունների առանցքում տեխնոլոգիաներն են՝ արհեստական բանականությունը, թվային ուսուցման հարթակները, ինտերակտիվ բովանդակությունն ու անհատականացված մոտեցումները։

«Այսօր բազմաթիվ համալսարաններ աշխարհում մշակում են կանոնակարգեր և մոտեցումներ, որպեսզի արհեստական բանականության գործիքները ծառայեն ավելի որակյալ կրթության ապահովմանը»,-նշեց  Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել ուսուցչի մարդկային ներկայությանը, մասնագիտական պատասխանատվությանը և ոգեշնչելու կարողությանը, սակայն ճիշտ կիրառման դեպքում կարող են ընդլայնել ուսուցչի հնարավորությունները և ուսուցումն ավելի արդյունավետ դարձնել։

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին էլ նշեց,  որ ուսուցիչների համաժողովն արդեն դարձել է կարևոր ամենամյա հարթակ կրթության ոլորտի հրատապ հարցերի քննարկման համար։

Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների և կրթության փոխհարաբերությունը ներկայում կրթական ոլորտի ամենաքննարկվող թեմաներից մեկն է ամբողջ աշխարհում։

«Տեխնոլոգիական առաջընթացը շատ արագ է զարգանում, և դա երբեմն կարող է բարդություններ ստեղծել ուսուցիչների համար։ Սակայն բազմաթիվ ուսուցիչներ այս մարտահրավերը վերածել են հնարավորության և դարձել տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման առաջամարտիկներ»,- ասաց Մեստրոնին։

Նա ընդգծեց, որ կրթության ոլորտում տեխնոլոգիաների կիրառման քննարկումները չպետք է սահմանափակվեն միայն սարքերի կամ հարթակների շուրջ խոսակցություններով։

«Կրթության որակը կախված է նաև մանկավարժական մեթոդաբանությունից, ուսումնական միջավայրից, քաղաքականություններից և, ամենակարևորը՝  ուսուցչից»,- նշեց նա։

Մեստրոնին ընդգծեց, որ տեխնոլոգիաները չեն կարող ինքնուրույն լուծել կրթական համակարգում առկա բոլոր խնդիրները և որոշ դեպքերում նույնիսկ կարող են խորացնել առկա բացերը։ Նրա խոսքով՝ տարբեր երկրների համայնքներում տեխնոլոգիաների հասանելիությունը հավասար չէ, ինչն էլ կարող է ազդեցություն ունենալ կրթական հնարավորությունների վրա։

Համաժողովի շրջանակում մի շարք դպրոցների աշակերտներ ներկայացրել էին  իրենց հեղինակած նորարարական նախագծերը, որոնք ապագայում կարող են հիմք դառնալ նոր և օգտակար տեխնոլոգիական լուծումների ստեղծման համար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում