Հայաստան

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի է ունեցել «Մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները․ խնդիրներ և զարգացման հնարավորություններ» խորագրով քննարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից, քննարկումը նվիրված է եղել մարզային մեդիայի առջև ծառացած խնդիրներին, փոփոխվող մեդիա միջավայրին և ոլորտի զարգացման հեռանկարներին։

Քննարկման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ի և «Տավուշ Մեդիա»-ի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը։ 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզային հեռուստաընկերությունների լսարանի պահպանմանը և ընդլայնմանը, գովազդային շուկային, թվային միջավայրում զարգացման հնարավորություններին, մասնագիտական կարողությունների զարգացմանը և մարզային լրատվամիջոցների համագործակցության հեռանկարներին։ 

Մարզային հեռուստաընկերությունների խնդիրների, դրանց լուծման և հետագա առաջընթացին նպաստելու ուղիների մասին խոսել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։ 

ՀՌՀ-ի իրավական ապահովման բաժնի պետ Աստղինե Մանուկյանն անդրադարձել է օրենսդրական փոփոխություններով պայմանավորված նոր կարգավորումների ներդրման և կիրառման ընթացակարգերին, իսկ ՀՌՀ ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը ներկայացրել է 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների ընթացիկ վիճակը, մարտահրավերները և հետագա քայլերը։ 

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատասխանատու և հանրային շահին ծառայող լուսաբանման վերաբերյալ» հայտարարության ստորագրումը, որի համաձայն՝ մարզային «ՏԱՎՈՒՇ», «ՖՈՐՏՈՒՆԱ», «ԴԵԼՏԱ», «ԳԵՂԱՄԱ», «ԿՈՏԱՅՔ» և «ՍՅՈՒՆԻՔ» հեռուստաընկերությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ընտրությունների ընթացքում ապահովելու փաստերի վրա հիմնված, հավաստի և հավասարակշիռ տեղեկատվություն, տարանջատելու փաստը, կարծիքը և մեկնաբանությունը, կանխելու ապատեղեկատվության տարածումը և նպաստելու քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը։

Հաղորդվում է, որ այդ փաստաթղթով ընդգծվում է նաև մարզային լրատվամիջոցների համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը՝ վստահելի տեղեկատվական միջավայրի և ժողովրդավարական տեղական ինքնակառավարման զարգացման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում