Եվրոպա

ԵՄ-ին չորս երկիր է պակասում ավելի ուժեղ դառնալու համար․ Զելենսկի

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ին չորս երկիր է պակասում ավելի ուժեղ դառնալու համար․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԵՄ-ին չորս երկիր է պակասում ավելի ուժեղ լինելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտարարել է United News հեռուստամարաթոնի եթերում։

«Միություն, որը կարող է շատ ավելի ուժեղ լինել, կարծում եմ, որ սա կլինի այնպիսի երկրների միություն, ինչպիսիք են՝ Նորվեգիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը և Թուրքիան։ Սրանք չորս երկրներ են, որոնք բացակայում են Եվրամիությունից, որովհետև Թուրքիան և Ուկրաինան միասին գերազանցում են Ռուսաստանի բանակին՝ Սև ծովի վերահսկողությունից մինչև օդային տարածքի վերահսկողություն»,- նշել է նա։

«Գիտեմ, որ Թուրքիայի հետ կապված հարցեր կան։ Գիտեմ, որ Միացյալ Թագավորությունը դուրս է եկել Եվրամիությունից։ Գիտեմ, որ Նորվեգիան ԵՄ-ի հետ ունի համագործակցության և տնտեսական կապերի բազմաթիվ տարբեր ձևեր և այլն։ Բայց ես դեռ կարծում եմ, որ այս չորս երկրները ԵՄ-ն կդարձնեն աշխարհի ամենաուժեղ միությունն աշխարհի լավագույն անվտանգությամբ», - հավելել է նա։

Զելենսկին նաև շեշտել է, որ այս չորս երկրները նույնիսկ առանձին կարող են կազմել շատ ուժեղ միություն։

Բացի այդ, Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինան, ի վերջո, կդառնա ԵՄ-ի մաս, եթե ԵՄ որոշ ներկայացուցիչներ «սխալներ չգործեն»:

«Մենք ուզում ենք լինել Եվրոպական միության կազմում։ Եվ ես վստահ եմ, որ եթե ԵՄ որոշ ներկայացուցիչներ սխալներ չգործեն, մենք այնտեղ կլինենք։ Մենք արդեն իսկ ամրապնդում ենք ԵՄ-ն, առաջին հերթին՝ անվտանգության տեսանկյունից։ Իսկ այսօր անվտանգությունը բոլորի համար առաջնահերթություն է»,- ընդգծել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում