Քաղաքականություն

Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման առաջին գործիքը միջազգային լեգիտիմությունն է. Փաշինյան

13 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին անվտանգության վերաբերյալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ արտաքին անվտանգության կտորը իշխող կուսակցության նախընտրական ծրագրի շատ կարևոր հատված է։

«Ես հատուկ ուշադրություն եմ հրավիրում այս հատվածի վրա, որովհետև այստեղ մենք արձանագրել ենք, թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ բանակը՝ արտաքին անվտանգության ապահովման առաջին գործոն լինելու պարագայում, նշանակում է, որ արտաքին անվտանգություն գոյություն չունի։ Մենք բանակից առաջ անվտանգության լրացուցիչ գործոններ պետք է դնենք, որպեսզի համարենք, որ ունենք իրական անվտանգություն։ Հիմա հարցը հետևյալն է՝ բանակից առաջ ի՞նչ գործոններ են, որ պետք է ապահովեն Հայաստանի արտաքին անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը։

Նա մանրամասնել է, որ իշխող կուսակցության համոզմամբ՝ այդպիսի առաջին գործոնը միջազգային լեգիտիմությունն է, որն առաջնային գործիք է Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման համար։

«Միջազգային լեգիտիմությունը Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առաջնային գործիքն է։ Միջազգային հանրությունը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Խորհրդային Միության Հայկական ԽՍՀ սահմաններով։ 

Այս սկզբունքն է դրված նաև հաստատված խաղաղության  հիմքում. Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել են՝ հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին միացած խորհրդային հանրապետություններն իրենց վարչական սահմաններում դարձել են անկախ պետություններ։ 

Չվիճարկվող, այսինքն՝ միջազգային օրենքով լեգիտիմ տարածք և արտաքին հարաբերությունների մեջ լեգիտիմ դիրքորոշումներ ու ակնկալիքներ ունենալն արտաքին անվտանգության ապահովման առաջնային գործիք է։ Այն, չլինելով բացարձակ երաշխիք, այնուամենայնիվ կարևոր հիմնաքար է»,- նշել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է օրերս խորհրդարանում տեղի ունեցած քննարկումը, երբ ընդդիմության ներկայացուցիչներից մեկն ասել էր, թե խաղաղություն լինում է այն պարագայում, երբ պատերազմի պատճառները լուծված են։ Փաշինյանը շեշտել է, որ դա շատ ճիշտ ձևակերպում է, և դա էր պատճառը, որ իշխանությունն ասել է, որ Ղարաբաղյան շարժումից պետք է հրաժարվել, որովհետև պատերազմի և կոնֆլիկտի պատճառը հենց Ղարաբաղի շուրջ եղած տարընթերցումներն են։

«Բայց, երբ մենք միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, պատերազմի պատճառը վերանում է, պատերազմի ֆունդամենտալ պատճառը վերանում է, և այդ հենքի վրա է, որ հնարավոր է լինում ստեղծել խաղաղություն»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Նա հավելել է, որ Հայաստանում ձևավորվել է պատերազմի եռագլուխ կուսակցություն (խմբ. նկատի ունի գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը), որի նպատակը քայլ-քայլ Ղարաբաղյան շարժումը վերականգնելն է, այսինքն՝ պատերազմը վերականգնելն է։

«Ըստ էության, 1991 թվականից մինչև 2024 թվականը մենք խաղաղություն երբեք չենք ունեցել։ Պատերազմը եղել է միշտ, և դրա վկայությունն է այն, որ ամեն տարի սահմանին զոհ է եղել։ Խաղաղությունն այն է, երբ սահմանին զոհ կամ վիրավոր չկա։ Մենք ունեցել ենք պատերազմ՝ տարբեր ինտենսիվությամբ։ Եթե սահմանին մարդիկ են զոհվում, դա պատերազմ է, պատերազմի ինտենսիվությունը բոլորովին ուրիշ բան է։ Իսկ մենք պատերազմ ունեցել ենք, որովհետև եղել է Ղարաբաղի կոնֆլիկտը, եղել է Ղարաբաղի շարժումը։ Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի են եղել, և մենք մեզ հաշվի ենք տվել, ասել ենք՝ լավ, ինչի՞ մեջ է մեր ընտրությունը, և մենք ընտրություն ենք կատարել հօգուտ խաղաղության և անվտանգության։ Եվ մենք այսօր ունենք անվտանգություն, ունենք խաղաղություն։ Նախորդ օրը կարդում եմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները քարտեզներով են հանդես գալիս, հրապարակումներով են հանդես գալիս... ի դեպ, ասեմ Ղարաբաղի կոնֆլիկտն էլ սկսվել է շատ անմեղ հումանիտար հարցերից։ Հիմա ասում են Ղարաբաղ վերադարձի իրավունք։ Ադրբեջանը դրան կհակադրի ձեզ հայտնի թեմաները, և այդ կետի վրա կսկսի եռալ, եռալ, եռալ և կդառնա կոնֆլիկտ։ Մենք ասում ենք, որ այդ թեմաները պետք է երկկողմ փակվեն։ Եվ սա իրատեսական և լեգիտիմ մոտեցում է միջազգային իրավունքի տեսանկյունից, և սա է այն մոտեցումը, որը երաշխավորում է խաղաղություն։ Որովհետև, եթե մենք հիմա ասենք, որ Ղարաբաղի մեր սիրելի հայրենակիցները պետք է վերադառնան Ղարաբաղ, նրանք էլ են ասում՝ ուրեմն մեր փախստականներն էլ պետք է վերադառնան։ Երբ մենք ասում ենք, չէ, մի րոպե, Ղարաբաղի դեպքն ուրիշ է, նրանք էլ ասում են, չէ, մի րոպե, մեր դեպքն էլ է ուրիշ։ Ես ուզում եմ ուղիղ ասել ձեզ, ժողովուրդ։ Ե՞րբ է խաղաղություն դառնում իրական, երբ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք ռազմավարական գործարք։ Ո՞րն է ռազմավարական գործարքը։ Մենք ճանաչե՞լ ենք միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ տարածքներով։ Ուրեմն ճանաչում ենք ճշգրիտ, դելիմիտացիա ենք անում և հանգիստ ենք թողնում իրար։ Էլ չենք փորփրում՝ ով երբ որտեղ է ապրել և այլն։ Որովհետև դա է խաղաղությունը։ Մենք պետք է արձանագրենք, որ մենք ունենք մեր ճշմարտությունը, բայց բոլորն ունեն իրենց ճշմարտությունը, և այնպես չէ, երբ մենք միջազգային ատյաններում մեր ճշմարտությունն ենք ներկայացնում, միջազգային հանրությունը մեզս ծափահարում է։ Բոլոր երկրներում էլ եղել են և՛ ադրբեջանամետ շրջանակներ, և՛ հայամետ շրջանակներ։   Հայամետներն եկել են Հայաստան, կանգնել են տեսախցիկների առաջ, ասել են՝ ձեր ասածը ճշմարտություն է, բա պատմական արդարությունը, բա Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, բա Սևրի պայմանագիրը, մենք ձեզ հետ ենք, ձեր կողքին ենք։ Եղել են տարբեր շրջանակներ՝ պաշտոնական, կիսապաշտոնական։ Բայց ոչ մեկ մեզ ցույց չի տվել, որ նույն երկրից մի այլ խումբ մեկ ամիս առաջ կամ մեկ ամիս հետո գնացել է Ադրբեջան և նույնն ասել է Ադրբեջանին։ Եվ դրա արդյունքում ի՞նչ է եղել, արդյունքում եղել է կոնֆլիկտի բորբոքում, որի վրա այլոք հիմնականում տաքացրել են իրենց ձեռքերը, իսկ մենք տառապել ենք, կորուստներ ենք ունեցել»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ խաղաղությունը հավասարակշռման այն կետն է, որի շուրջ հնարավոր է լինում պայմանավորվել, և մենք պայմանավորվել ենք։ «Որ մեզ անընդհատ ասում են զիջումներ եք արել։ Իսկ մենք ի՞նչ ենք զիջել, եթե ելնենք մեր միջազգային լեգիտիմության տրամաբանությամբ։ Մենք բացարձակապես ոչ մի բան չենք զիջել, որը միջազգային օրենքներով մեզ է պատկանում։ Մենք այսօր էլ խոսում ենք Հայաստանի՝ շուրջ 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների մասին, բայց դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթով մենք արձանագրել ենք, որ այդ հարցը կլուծվի սահմանազատման շրջանակում։ Եվ այդ հարցը կլուծվի սահմանազատման շրջանակում, ինչո՞ւ, որովհետև դա միջազգային իրավունքի և օրենքի տեսանկյունից լեգիտիմ հարց է։ Միջազգային լեգիտիմությունը բացարձակ երաշխիք չէ, որովհետև աշխարհը հիմա շատ խառն է, բայց, այնուամենայնիվ, կարևոր հիմնաքար է։ Մենք չպետք է մեր առաջ դնենք ոչ լեգիտիմ խնդիրներ, հետո մեր 18 տարեկան զինվորներին ասենք՝ դե գնացեք ու լուծեք, մենք այսպիսի խնդիր ենք դրել։ Մենք մեր անվտանգությունը պետք է լեգիտիմության վրա հիմնենք»,- մանրամասնել է Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում նաև արձանագրված է, որ փոխկապվածությունն արտաքին աշխարհի հետ արտաքին անվտանգության ապահովման հաջորդ գործիքն է. այս գործոնը թույլ է տալիս, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի, տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որ նրա անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների համար, և, ընդհակառակը, որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։ ««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և սրանից բխող TRIPP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար, և մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա»,- նշված է կուսակցության ծրագրում։

Հաջորդ գործոնը, ըստ իշխող ուժի, երկարաժամկետ կանխատեսելիությունն է

«Կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում այլ երկրները Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի պակաս պետք է ընկալեն որպես սպառնալիք, և խաղաղության օրակարգին նվիրվածությունն այլ երկրների համար պետք է դառնա Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և ռազմավարական ընկալում։ 

Այս խնդրի լուծման համար էական են ոչ միայն հռչակված քաղաքականությունները, այլև սոցիալ–հոգեբանական, կրթական-մշակութային, հանրային–քաղաքական ոլորտների բովանդակությունն ու խոսույթները։ Պատմության  և ապագայի հստակ սահմանազատումը և օրվա իրականության գործնական կապակցումը ոչ այնքան անցյալի, որքան ապագայի հետ՝ կենսական են Հայաստանի Հանրապետության հարատևությունն ապահովելու տեսակետից։ Նաև այս նպատակին է ծառայում «Ապագան այսօր է» բանաձևը»,- նշված է ծրագրում։

ՔՊ-ի ծրագրում նաև նշվում է, որ  բանակն արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործիքն է՝ այն դեպքերի համար, երբ արտաքին անվտանգության ապահովման վերը թվարկված և դրան կիրառելուն ուղղված դիվանագիտական միջոցները չեն գործել։

«Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվի (բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավվելը) և պետք է ծառայի բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին։ 

Վերջին տարիներին ՀՀ բանակի պաշտպանունակությունը զարգացնելու ուղղությամբ ահռելի ջանքեր և միջոցներ են ձեռնարկվել։ Ձեռք է բերվել ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ ներառյալ հայրենական արտադրության: ՀՀ ռազմարդյունաբերական համալիրն ահռելի զարգացում է ապրել, իրականացվել են հսկայածավալ և նորարար ամրաշինական աշխատանքներ, ստեղծվել են տասնյակ ամրացված շրջաններ։ 

Զինծառայության գրավչությունը մեծացնելու համար ՀՀ պայմանագրային զինծառայողների վարձատրության և արհեստավարժության ապահովման, ժամկետային զինծառայության ժամկետների ու կառուցվածքի ոլորտում ահռելի (հանրությանը հայտնի) բարեփոխումներ են իրականացվել։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը շարունակելու են  ՀՀ բանակի բարեփոխումները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգի։ Աստիճանական կերպով կներդրվի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը (ՀՊԱՀ)»,- նշված է ծրագրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում