Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Նիկոլ Փաշինյան
8 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ ձևավորելու անհրաժեշտություն է տեսնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասել է «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի ժամանակ ունեցած ելույթում։
«Ջրային ոլորտի մասին խոսելիս՝ մենք պետք է մի քանի արձանագրումներ անենք։ Առաջինը՝ այսօր Հայաստանում չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի։ Այսօր Հայաստանում չկա գեթ մեկ բնակավայր, որը ոռոգման ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի։ Այսօր Հայաստանում վարելահողերի, այգիների, տնկարկների միայն փոքր մասն է, որ հասանելիություն ունի ոռոգմանը։ Այսինքն՝ մեր վարելահողերի մեծ մասն ընդհանրապես ոռոգմանը հասանելիություն չունի։ Այն հատվածներում, որտեղ կա ոռոգում, առանձին անդրադարձի թեմա են ոռոգման տեխնոլոգիաները և որակը։ Եթե 21-րդ դարի չափանիշներով նայենք, այն ջրաքականը, որ անհրաժեշտ է տասնյակ հեկտարներով այգիներ ոռոգելու համար, մենք օգտագործում ենք մի քանի հեկտար այգի ոռոգելու համար։ Եվ սա է խնդրի հաջորդ կարևորգույն հատվածը»,- ասել է նա։
Նա հավելել է, որ Հայաստանում տեսնում են հազարավոր հեկտարներով ամայի հողատարածքներ։
«Ակնհայտ է, որ այդտեղ կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, որտեղ կարելի է ստանալ տասնյակ հազարավոր տոննարերով բերք, բայց մենք այդ խնդիրը ի վիճակի չենք լուծել, որովհետև նույնիսկ գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք օգտագործելի են և օգտագործվում են, չունեն ջրին հասանելիություն»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ հաջորդ գլոբալ խնդիրը, որի հետ առնչվում են այն է, որ օգտագործված ջրի մաքրումը ոչ թե կանոն է, այլ հիմնականում կանոնից բացառություն։ Ակնհայտ է, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ ակնհայտորեն բերում է հետևանքներ։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում ձևավորվում է ավելի քան անհրաժեշտ ջրային ռեսուրս, որպեսզի հնարավոր լինի զուտ տեսականորեն իր նշած խնդիրները լուծել։
«Մեր այսօրվա քննարկման առանցքային խնդիրներից մեկն այն է, թե ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհային քարտեզով մենք կարող ենք այսօրվա արձանագրված կետից հասնել այն տեղը, երբ ջուրը հասանելի լինի Հայաստանի այն բոլոր հատվածներում, որտեղ նրա հասանելիությունն անհրաժեշտ է, խոսքը բնակավայրերում խմելու ջրի հասանելիության լիարժեք և շուրջօրյա ռեժիմ ապահովելու մասին է։ Երկրորդը՝ ոռոգման ջրի հասանելիությունը բոլոր բնակավայրերում։ Եվ սա նույնպես քաղաքային և բնակավայրերի կյանքի կազմակերպման շատ էական հատված է։ Եվ երրերոդը՝ ջրի հասանելիությունը բոլոր այն տեղերում, որտեղ դա կարող է բերել տնտեսական զարգացում, այսինքն՝ ձևավորել ավելացված արժեք»,- ասել է Փաշինյանը։
Նա շեշտել է, որ սրանից էլ բխում է երկու գլոբալ մարտահրավեր, որոնք ուղղակի կամ անուղղակի արձանագրված են Կառավարության ծրագրում կամ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում։
«Առաջին խնդիրը հետևյալն է՝ մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն։ Բնապահպանական և առողջապահական բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ մենք այսօր առերեսվում ենք, կապված են հենց այս խնդրի հետ, որ օգտագործված ջրի մաքրումը կանոն չէ, այլ ավելի շատ կանոնից բացառություն է։ Երկրորդ գլոբալ խնդիրը, որը մենք պետք է քննարկենք և պատկերացումներ ձևավորենք դրա լուծման վերաբերյալ, այն է, թե ինչպե՞ս կուտակել Հայաստանում ձևավորվող ջրային պաշարները և ո՞րն է կուտակման առավել արդյունավետ ձևը։ Սա է այն շրջականը, որը մենք այսօր պետք է քննարկենք, բայց այս մասին քննարկումները մենք այսօր չէ, որ սկսել ենք, բայց մենք կարևոր համարեցինք, որ մի մեկնարկային կետ ֆիքսենք, որտեղ այս օրակարգը ձևակերպենք նաև օրենսդիր, գործադիր իշխանության ներկայացուցիչների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների, մասնավոր հատվածի և համայնքների մասնակցությամբ»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ քննարկումը պետք է ունենա շատ կարևոր գործնական արդյունք. պետք է ջրային ոլորտի բարեփոխումների առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզ ձևավորվի, բայց այդ ճանապարհային քարտեզը, որպեսզի լինի գործնական, պետք է լինի մաքսիմալ ազնիվ և իրագործելի։
«Ի՞նչ նկատ ունեմ ազնիվ ասելով. մենք, ի վերջո, պետք է առերեսվենք այն փաստին, որ իմ նշած խնդիրների մի հատվածը կապված է ջրի նկատմամբ մեր ընդհանուր քամահրական վերաբերմունքի հետ՝ դե ջուր է էլի, ի՞նչ առանձնահատուկ բան կա, բայց խնդիրը նրանում է, որ հենց ջրի մեջ կենտրոնացած է ամբողջ առանձնահատկությունը, և մենք պետք է համապատասխան վերաբերմունք ունենանք, ընդ որում՝ սոցիալ-հոգեբանական մակարդակով, անհատական մակարդակով, կենցաղային մակարդակով, բոլոր մակարդակներում, բայց նաև մենք տնտեսական համապատախսան վերաբերմունք պետք է ցուցաբեենքթ ջրի նկատմամբ։ Այսօր Հայաստանում ջրի սակագներն արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Մենք ապրում ենք Հայաստանում, որը խորհրդային հետագիծ ունի, որտեղ, ըստ էության, արձանագրված է եղել, որ ջուրն անվճար է կամ շատ էժան է, բայց ջուրը երբեք անվճար կամ շատ էժան չի եղել։ Բայց, մենք պետք է արձանագրենք, որ իմ նշած շղթան մենք չենք ամբողջացնի, եթե այդ ամեն ինչի հիմքում չլինի համակարգի ծախսարդյունավետության բանաձևի որոշում, առանց դրա պարզապես հնարավոր չէ»,- նշել է նա՝ հավելելով, որ նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ նրան, թե այդ սակագնի որ մասը ով ինչպես պետք է վճարի։
«Ես ուզում եմ, որ մենք հստակ նաև սա տարբերակենք, այսինքն՝ սակագինը մի խնդիր է, սակագնի վճարման բանաձևերը երկրորդ խնդիրն են։ Հաջորդը, մենք պետք է, ի վերջո, ջրի շուկան ազատականացնենք։ Այսօր մենք նույն ոռոգման ոլորտում գին ենք սահմանել, որի կեսը կառավարությունը սուբսիդավորում է, բայց սահմանված գինը իրականությունը չի արտահայտում։ Բայց կա նաև այլ խնդիր. այսօր Հայաստանում կան տնտեսվարողներ և ներդրողներ, որոնք ասում են՝ մենք վճարում ենք ջրի համար, վաճառեք մեզ ջուր։ Թվում է, թե պարզ և տրամաբանական տնտեսական հարց է դրվում, բայց իրականում այս հնարավորությունները Հայաստանում առնվազն սահմանափակ են մեր ունեցած կարգավորումների պատճառով։ Մենք պետք է ի վիճակի լինենք նաև Հայաստանում ջրի շուկա ձևավորել, և սա է այն բարեփոխումը, որը նաև ջրային ոլորտում մասնավոր ներդրումների խթան կհանդիսաանա, որովհետև եթե լինի հնարավորություն, համակարգ և որոշակի քաղաքական ուղերձ, որ կարող են ներդրումներ լինել ջրի ոլորտում և մասնավորապես ոռոգման ջուրը կարող է շուկայակակն հարաբերությունների առարկա լինել, սա նույնպես կարող է էականորեն փոխել իրադրությունը, ընկալումը և վերաբերմունքը»,- եզրափակել է վարչապետը։