Փաշինյանի հավաստմամբ՝ TRIPP-ի հետ կապված գործընթացները արագացել են
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ ամենաբարձր մակարդակով հավաստիացումներ են ստացվել, որ TRIPP նախագիծը շարունակում է մնալ առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը նշեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Պետք է ասեմ, որ TRIPP-ի հետ կապված պրոցեսները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են և երկու կողմերն էլ՝ թե ՀՀ-ն, թե ԱՄՆ-ն, ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել։ Կարող եմ ասել ավելին՝ նախորդ օրերին մենք քննարկել ենք էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավորությունը»,-մանրամասնեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քանի որ գործընթացները հասունացած են, անկասկած է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի մոտեցումը նախագծի նկատմամբ բացարձակ առաջնահերթությամբ է, առավել ևս, որ ներկայում դրա տնտեսական նշանակությունն ավելի է մեծացել։
«Իմ կանխատեսումն այն է, որ առաջիկայում միայն կավելանա ներգրավվածությունը, շահագրգռվածությունը և գործնականացման տեմպերը»,-համոզմունք հայտնեց Փաշինյանը՝ ուրախությամբ արձանագրելով, որ ծրագրերի հետ կապված նույնպիսի շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը։
«Գործնականում ամենօրյա աշխատանք է իրականացվում և չկա որևէ աշխատանքային օր, որ TRIPP-ի հետ կապված որևէ թեմայի չառնչվեմ, հանձնարարական չտամ, այդ թվում՝ կառավարության մյուս անդամները, որոնք ներգրաված են գործընթացում»,-ընդհանրացրեց ՀՀ վարչապետը։