5 րոպեի ընթերցում
Պարեկային ծառայության համալրման գործընթացը շարունակվում է բազմափուլ ընտրությամբ․ այս տարի դիմել է 660 դիմորդ, որոնցից մի մասն արդեն հասել է հարցազրույցի փուլ։ Վերջնական արդյունքները կամփոփվեն հանձնաժողովների աշխատանքի ավարտից հետո, իսկ ընտրված թեկնածուները կանցնեն վեցամսյա ուսուցում՝ ներառյալ 4-շաբաթյա պրակտիկա։
Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ այս տարի ծառայության համալրման համար դիմել է 660 դիմորդ։
Դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի փուլը (այդ թվում՝ առողջական վիճակի ստուգումը և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրումը) հաղթահարելուց հետո 423 դիմորդ մասնակցել է մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման /թեստավորման/ փուլին։ Հաջորդ՝ ֆիզիկական պատրաստականության փուլ է անցել 357 դիմորդ, իսկ հարցազրույցի փուլ հասել է 317 դիմորդ։ Ներկա պահին այդ 317 դիմորդներն անցնում են հարցազրույցներ։
Այս տարվա համար նախատեսված է 250 հաստիք՝ ընդգրկելով ինչպես Երևան քաղաքը, այնպես էլ մարզերը։ Վերջնական ընտրությունը կիրականացվի հարցազրույցների ավարտից հետո։ Այդ նպատակով գործում են երկու հանձնաժողովներ, որոնց աշխատանքի արդյունքում պարզ կդառնա, թե քանի թեկնածու կանցնի ուսուցման հիմնական փուլ։
Ընտրությունը հաղթահարած դիմորդները կընդգրկվեն վեցամսյա ուսուցման ծրագրում, որի բաղադրիչ է նաև 4 շաբաթյա մասնագիտական պրակտիկան՝ մասնավորապես Երևանի պարեկային ծառայության գնդում։ Դրան կհաջորդի պետական քննությունը, որի հաջող հանձնումից հետո միայն նրանք կհամարվեն ամբողջությամբ ավարտած և կստանան պարեկի որակավորում։
Արմեն Մաթևոսյանը նաև ընդգծել է, որ դիմորդները ծառայության են անցնելու այն տարածքում, որտեղ դիմել են։ Եթե դիմումը ներկայացվել է որևէ մարզում, ապա ծառայությունը կիրականացվի տվյալ մարզում՝ համապատասխան ստորաբաժանումներում։ Օրինակ՝ Լոռու մարզում դիմած թեկնածուն կարող է ծառայել մարզի տարբեր քաղաքներում՝ Ալավերդիից մինչև Վանաձոր կամ Սպիտակ, սակայն չի տեղափոխվի այլ մարզ։ Իսկ Երևանում դիմածները կծառայեն բացառապես մայրաքաղաքում։
«Պարեկային ծառայությունը սերտ համագործակցում է Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի հետ։ Յուրաքանչյուր նոր կուրսի մեկնարկից առաջ ներկայացվում են դիտարկումներ՝ նախորդ փուլերում արձանագրված խնդիրների և բարելավման ուղղությունների վերաբերյալ։ Այդ քննարկումների արդյունքում պարբերաբար կատարվում են որոշակի փոփոխություններ՝ ուսուցման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- նշեց ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանը։
Հարցազրույցի փուլը կարևոր բաղադրիչ է ընտրության գործընթացում։ Այս փուլում գնահատվում են ոչ միայն թեկնածուների գիտելիքներն ու ընդհանուր զարգացվածությունը, այլև հոգեբանական և բարոյական հատկանիշները։ Թեկնածուներին տրվում են բազմաբնույթ հարցեր՝ սկսած կենսագրությունից, աշխատանքային փորձից, անձնական մոտիվացիայից մինչև այն, թե ինչ պատկերացում ունեն պարեկային ծառայության առաքելության վերաբերյալ։
Ինչպես նշում է Մաթևոսյանը, լինում են դեպքեր, երբ թեկնածուները հաջողությամբ հաղթահարում են թեստավորումը և ֆիզիկական պատրաստականության ստուգումը, սակայն հարցազրույցի ընթացքում հանձնաժողովն արձանագրում է, որ նրանք չեն համապատասխանում պահանջներին։ Հիմնական նպատակն է հասկանալ, թե որքանով է անձը պատրաստ ծառայել հանրությանը, ապահովել կարգ ու կանոն և կատարել իր պարտականությունները բարձր պատասխանատվությամբ։
Վեցամսյա ուսուցման ընթացքում ապագա պարեկները կսովորեն վարչական իրավունք, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, ինչպես նաև կանցնեն ինտենսիվ ֆիզիկական պատրաստություն։ Ծրագրում ընդգրկված են այն բոլոր առարկաները, որոնք անհրաժեշտ են ծառայության արդյունավետ իրականացման համար։
«Ամփոփելով՝ մաղթում եմ բոլոր թեկնածուներին հաջողություն և անխափան ծառայություն»,- եզրափակեց Արմեն Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ համակարգը նպատակ ունի համալրվել նվիրված և պատրաստված մասնագետներով, որոնք կծառայեն հանրությանը և պետությանը։
Լուսինե Ջալալյան