ԱՄՆ խոշորագույն ավիաընկերության ղեկավարը չի բացառում տոմսերի մինչև 20 տոկոս թանկացում՝ Իրանի շուրջ պատերազմի ֆոնին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ United Airlines-ի գլխավոր գործադիր տնօրեն Սքոթ Քիրբին հայտարարել է, որ ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսով՝ Իրանի շուրջ ռազմական լարվածության և ավիացիոն վառելիքի թանկացման ֆոնին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Bloomberg TV-ին տված հարցազրույցում Քիրբին նշել է, որ եթե վառելիքի բարձր գները պահպանվեն երկարաժամկետ կտրվածքով, ապա դա անմիջական ազդեցություն կունենա տոմսերի արժեքի վրա։
Նրա խոսքով՝ ավիաընկերությունն արդեն կրճատել է իր թողունակությունը շուրջ 5 տոկոսով այն երթուղիներում, որոնք չեն ծածկում աճող ծախսերը։
Քիրբին նաև զգուշացրել է, որ տոմսերի թանկացման դեպքում հնարավոր է պահանջարկի որոշակի նվազում։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ներկայում ուղևորափոխադրումների պահանջարկը շարունակում է մնալ բարձր։
United Airlines-ի ղեկավարի գնահատմամբ՝ ավիացիոն շուկայի հետագա զարգացումը մեծապես կախված կլինի վառելիքի գների դինամիկայից, որի վրա ազդում է, այդ թվում՝ Իրանի շուրջ իրավիճակը։