ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնող երկու նավթատարներին հարվածելու մասին
2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հուլիսի 31-ին հայտարարել է երկու նավթատարների հարվածելու մասին, որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Իրանի համաձայնության։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից, այս մասին նշվել է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Հրապարակված հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նշել է, որ հուլիսի 31-ի վաղ առավոտյան երկու նավթատարներ, որոնք խախտելով կանոնները՝ փորձել են տարանցել Հորմուզի նեղուցով ԱՄՆ օդային հովանու ներքո՝ անտեսելով իրանական կողմի նախազգուշացումները, հարձակման են ենթարկվել և ստիպված են եղել կանգ առնել։
Հայտարարության համաձայն՝ չորս այլ խախտում կատարած նավթատարներ անմիջապես փոխել են ուղղությունը և վերադարձել իրենց նախկին դիրքերը։
ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ իր ռազմածովային ուժերը շարունակում են «լիակատար վերահսկողություն և կառավարում» իրականացնել Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Ավելի վաղ Իրանի բանակը հայտարարել էր, որ իր ուժերն անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել են Քուվեյթի Ահմադ ալ-Ջաբեր ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները։ Հարձակումն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի վերջին հարձակումների Իրանի, այդ թվում՝ Ղեշմ կղզու բնակելի տան վրա ավիահարվածի, որի հետևանքով երեք մարդ էր զոհվել։