Քաղաքականություն

Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին

3 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին և այլ զինված խմբավորումներին լիովին զինաթափելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։

«Այսօր Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել ՀԱՄԱՍ-ին և Գազայի հատվածում գտնվող մյուս բոլոր զինված խմբավորումներին լիովին զինաթափելու վերաբերյալ», - գրել է Թրամփը։

Նա նշել է, որ սա «կարևոր քայլ է դեպի երկարատև խաղաղություն և անվտանգություն»։

«Այս համաձայնագիրը կարևոր քայլ է դեպի Գազայում պաղեստինյան նոր կառավարության կողմից կառավարման հաստատումը, որը սերտորեն կհամագործակցի Խաղաղության խորհրդի հետ՝ պաղեստինյան ժողովրդին օգնելու համար։ Միևնույն ժամանակ, Իսրայելը կունենա այն անվտանգությունը, որին արժանի է, և Գազան այլևս չի օգտագործվի որպես ահաբեկչական հարձակումների հենակետ»,- հավելել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափման ավարտից հետո իսրայելական զորքերը դուրս կգան, և «Միջազգային կայունացման ուժերը կաշխատեն պաղեստինյան նոր ոստիկանական ուժերի հետ՝ ստանձնելով Գազայի բնակիչների և հարևանների անվտանգության պատասխանատվությունը»։

Թրամփը շնորհակալություն է հայտնել միջնորդներին՝ Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային իրենց ջանքերի համար, ինչպես նաև իր թիմին, որը «հնարավոր է դարձրել այս պատմական առաջընթացը»։

Իր հերթին, Խաղաղության խորհուրդը հաստատել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի հաջորդ փուլերի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ։

«Ճանապարհային քարտեզը պատմական առաջընթաց է։ Առաջին անգամ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես պարտավորվել է հրաժարվել իր բոլոր զենքերից, որին կհաջորդի Իսրայելի դուրսբերումը Գազայից»,- նշվել է Խաղաղության խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ի հարթակում։

Նշվում է, որ ամբողջ ուշադրությունն այժմ կենտրոնացած է ծրագրի իրականացման վրա։

«Խաղաղության խորհուրդը սերտորեն համագործակցել է Գազայի վարչակազմի ազգային կոմիտեի (NCAG) հետ: Այն Միջազգային կայունացման ուժերի աջակցությամբ շուտով կսկսի փուլային անցում դեպի լիարժեք իշխանություն և կարագացնի օրենքի գերակայության, անվտանգության և հումանիտար բարելավման իրականացումը Գազայում»,- նշվել է գրառման մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում