Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին
2 րոպեի ընթերցում

Իրանի բանակը հայտարարել է, որ իր ուժերն անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել են Քուվեյթի Ահմադ ալ-Ջաբեր ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Հարձակումն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի վերջին հարձակումների Իրանի, այդ թվում՝ Ղեշմ կղզու բնակելի տան վրա ավիահարվածի։
Հայտարարության մեջ բանակը նշել է, որ հարձակումը թիրախավորել է ավիաբազայի ինքնաթիռների ապաստարանները, արբանյակային կապի համակարգերը և սարքավորումների պահեստավորման օբյեկտները։
Քուվեյթում գտնվող ռազմական օբյեկտը ծառայում է որպես ԱՄՆ օդային և հսկողության գործողությունների հիմնական կենտրոն և ամերիկյան ուժերի լոգիստիկ աջակցության կարևոր կենտրոն։
Ավելի վաղ Իրանի Ղեշմ կղզու բնակելի տան վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր երեք մարդ։
Իրանի բանակը դատապարտել է Ղեշմում քաղաքացիական տների վրա ԱՄՆ-ի հարվածը՝ այն անվանելով «մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում և թշնամու ռազմական հանցագործությունների ևս մեկ օրինակ»։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից իրականացված «վճռական, լայնածավալ և ծանր» հարձակումները Միացյալ Նահանգների համար «շատ թանկ և դժվար» են դարձրել իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների խոցելը՝ չնայած առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայմանը և դրանց ամրապնդմանը։