Հունգարիայի խորհրդարանն ընդունել բանաձև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դեմ
2 րոպեի ընթերցում

Հունգարիայի խորհրդարանն ընդունել է բանաձև Եվրամիություն Ուկրաինային ընդունելու և Ռուսաստանի դեմ զինված հակամարտությունը շարունակելու նպատակով այդ երկրին ֆինանսական օգնություն տրամադրելու դեմ: Բանաձևի օգտին քվեարկել է 142 պատգամավոր, դեմ՝ 28-ը, 4-ը ձեռնպահ է մնացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կառավարող «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական դաշինք» խմբակցության առաջարկած բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ, բայց ԵՄ-ի հետ իր խորհրդակցությունների ընթացքում կառավարությունը մտադիր է ղեկավարվել պատգամավորների կարծիքով: Փաստաթղթում նշվում է, որ Հունգարիան դեմ է հանդես գալիս Եվրամիություն Ուկրաինայի հապճեպ ընդունմանը, քանի որ այդ երկիրը գտնվում է «պատերազմական վիճակում», և նրա անդամակցությունը ԵՄ-ին կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ Եվրոպայի ուղղակի բախման: Այդ առնչությամբ պատգամավորները կառավարությանն առաջարկել են հավանություն չտալ անդամակցության շուրջ Ուկրաինայի հետ ԵՄ-ի բանակցությունների մեկնարկին:
Բանաձևը նաև բովանդակում է կոչ կառավարությանն՝ աջակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման միջազգային խաղաղարար ջանքերին և ձեռնպահ մնալ Կիևին զենք և գումար ուղարկելուց, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: Բացի այդ, խորհրդարանը հայտարարել է ԵՄ-ն «ռազմական դաշինքի» վերածել չթույլատրելու անհրաժեշտության մասին և նշել, որ Բրյուսելին չպետք է թույլ տրվի ստեղծել իրավաբանական սողանցքեր և քաղաքական մեխանիզմներ, որոնց միջոցով նա կարողանա հրաժարվել փոխհամաձայնության սկզբունքից առավել կարևոր որոշումներ ընդունելիս և ԵՄ անդամներին զրկի վետոյի իրավունքից: