Հայաստան

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

6 րոպեի ընթերցում

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով, և միջազգային գործընկերները Հայաստանի հետ համաձայնության են եկել հիմնական հարցերի շրջանակի շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց Եվրոպական հանձնաժողովի մաքուր, արդար և մրցունակ անցման հարցերով գործադիր փոխնախագահ Թերեզա Ռիբերան։

«Մենք գիտենք, որ կենսաբազմազանությունը բարգավաճման, բարեկեցության, զարգացման, պարենային անվտանգության հիմքում է, ուստի պետք է համոզվենք, որ ապավինում ենք ճիշտ գործիքներին՝ բնությունը պահպանելու կամ վերականգնելու համար։ Դա նշանակում է նաև ապավինել ռեսուրսներին։ Կենսաբազմազանության զարգացումն ապահովող գործընթացների ֆինանսավորման ժամանակ տվյալ գործոնի հաշվառումը չափազանց կարևոր է։ Այդ ամենն արտացոլվեց նաև Հայաստանի վարչապետի կողմից COP17-ի պատվիրակներին ուղղված շատ հստակ կոչում»,- ասաց Ռիբերան։

Նրա պնդմամբ՝ անհրաժեշտ է տարբեր միջոցներով ներդրում ունենալ գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում՝ հանուն ապագայի։ Խոսքը, մասնավորապես, Եվրամիության «Գլոբալ դարպաս» նախաձեռնության մասին է, որը հնարավորություն է տալիս համագործակցել գործընկերների հետ ամբողջ աշխարհում՝ խթանելով երկկողմ համագործակցությունը, ինչպես բազմակողմ զարգացման գործիքների, այնպես էլ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի միջոցով։

«Սա կարևոր ուղի կլինի՝ աջակցելու տարբեր մայրցամաքներում իրականացվող տարածաշրջանային և ազգային ծրագրերին։ Բարգավաճման և զարգացման ծրագրերի, ենթակառուցվածքների արդիականացման ապահովումն անմիջական կապ ունի կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության հետ, այնպես որ ջրային ռեսուրսների կառավարման, բնակավայրերի պաշտպանության, սննդի անվտանգության հարցերը հետևողականորեն լուծելը, անտառահատումների կանխարգելումն այն ամենի մի մասն է, որ մենք փորձում ենք անել»,- ասաց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը։

Նա հավելեց, որ հաճախ ունենում են անհրաժեշտ տեղեկատվություն՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար և ընտրելու ենթակառուցվածքներ, որոնք ներդաշնակ համակեցության մեջ են բնության և շրջակա միջավայրի հետ։ Ռիբերայի համոզմամբ՝ հենց սկզբնական փուլում ավելի լավ է կայացնել ճիշտ որոշում, թեև երբեմն ձևավորվում են այնպիսի գործելաոճեր, որոնք համահունչ չեն բնության պաշտպանության և պահպանության նպատակներին։

«Եվ հենց այստեղ է, որ պետք է ուղիներ գտնենք՝ վերացնելու վնասակար երևույթները և խթանելու ավելի մաքուր այլընտրանքը։ Հայաստանի վարչապետը բերել է շատ կոնկրետ օրինակներ՝ ցույց տալով, թե դժվարին ժամանակներում որքան կարևոր դեր են խաղացել անտառն ու ծառերը՝ տները ջեռուցելու գործում, և թե որքան վճռորոշ նշանակություն է ունեցել անտառների վերականգնումը՝ մարդկանց կենսագործունեությունն ապահովելու համար՝ հենվելով Հայաստանի բնության և լեռների վրա։ Սա հենց այն է, ինչ մենք պետք է անենք ամենուր՝ ապավինելով ամենամաքուր այլընտրանքին՝ նույն նպատակին հասնելու համար։ Եվ հենց այստեղ համագործակցությունն ու միմյանցից սովորելը կարող են չափազանց օգտակար լինել։ Հողը, ջուրը, ծովերն ու էկոհամակարգերն այնպիսի արժեքներ են, որոնցից ոչ ոք չի ցանկանում հրաժարվել, և մենք ձգտում ենք պահպանել այդ ամենը՝ ապահովելով մեր բարեկեցությունը»,- եզրափակեց Ռիբերան։

Հիշեցնենք, որ ՀՀ ավարչապետ Նիկոլ Փաշինյանը COP17-ի շրջանակներում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովում ունեցած ելույթում հայտարարել էր, որ Հայաստանի համար դժվարին օրերին բնությունն է փրկել հայ ժողովրդին։

«Հայաստանի համար դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել, և մենք նրան չարաշահելու դժբախտություն ենք ունեցել: 1990-ականներին երկիրը հայտնվեց շրջափակման մեջ, բավարար էլեկտրական հոսանք, գազ կամ քարածուխ չկար և մարդիկ իրենց բնակարանները տաքացնում էին հիմնականում փայտով: Այս պայմաններում Հայաստանի անտառների զանգվածային հատումներ սկսվեցին, որը տնտեսական բնականոն գործունեության գրեթե բացակայության պայմաններում դարձավ շահութաբեր բիզնեսներից մեկը: Այսպես Հայաստանում հատվեցին հազարավոր հեկտարների անտառներ ու կանաչ տարածքներ, լայնորեն տարածվեց որսագողությունը, ինչը ծանր վնաս հասցրեց մեր բնությանն ու կենսաբազմազանությանը: Նման իրավիճակ է ստեղծվել նաև Սևանա լճում. 90-ականների սկզբներին, երբ ներմուծումների և արտադրությունների շղթաները ջարդվել էին և Հայաստանում ամենօրյա սննդի խնդիր կար, Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության»,- ասել էր վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ դառնալուց հետո իր առաջին հրահանգներից մեկն ապօրինի անտառահատումները կասեցնելն է եղել:

«Իմ ծննդավայրում՝ Տավուշում, բողոքի ակցիաներ սկսվեցին, որովհետև բազմաթիվ մարդիկ 90-ականների իներցիայով վաստակում էին ապօրինի անտառահատումներով: Ես այս առիթով այց կատարեցի Հաղարծին գյուղ, որն իմ հայրական գյուղն է, մարդիկ շատ ագրեսիվ էին տրամադրված, ես նրանց փորձում էի բացատրել, որ անտառը պահպանելով կարելի է շատ ավելին վաստակել, քան անտառահատումներով: Ահա, մեկ-երկու տարի անց ապօրինի անտառահատումներով զբաղվող բազմաթիվ մարդիկ փոխեցին իրենց գործունեության տեսակը: Այն նույն մեքենաներով, որոնցով փայտ էին տեղափոխում դեպի շուկաներ, սկսեցին զբոսաշրջիկներ տեղափոխել անտառներ և սարեր՝ ցուցադրելու վայրի բնությունը»,- նշել էր Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում