Ֆրանսիական համալսարանում անցկացվեց «Մտքի կանայք, գործի կանայք» միջոցառումը՝ Speed Dating նոր ձևաչափով
6 րոպեի ընթերցում

Կանանց իրավունքների միջազգային օրվա առթիվ Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ ամենամյա «Մտքի կանայք, գործի կանայք» միջոցառումն այս տարի անցկացրեց նոր՝ Speed Dating ձևաչափով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան անհատական կարճ հանդիպումների միջոցով հարցեր ուղղել բուհի հաջողակ շրջանավարտներին և փորձառու մասնագետներին՝ ստանալով խորհուրդներ մասնագիտական զարգացման և կարիերայի կառուցման վերաբերյալ։
Միջոցառման այս տարվա հյուրերն էին Telecom Armenia ընկերության գործառնական տնօրինության փոխտնօրեն Արևիկ Ավագյանը, Scorpio Creative մարքեթինգային ընկերության հիմնադիր և տնօրեն Էլեն Գեղամյանը, PROFAL ընկերության մարքեթինգի տնօրեն, համալսարանի դասախոս Սոսի Դեմիրճյանը, արհեստական բանականության գերհամակարգչային ենթակառուցվածքի Cloud պլատֆորմի պրոդուկտային ուղղության պատասխանատու Լիլիթ Խանջյանը, PMI Armenia կազմակերպության նախագահ, Astrum PM ընկերության և PM Awards Armenia նախաձեռնության հիմնադիր Աստղիկ Սահակյանը, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդատվական բլոկի ղեկավար Զառա Օհանյանը։

Հատուկ հրավիրված մասնակիցն էր նաև BIVAC Armenia ընկերության գլխավոր տնօրեն, Bureau Veritas խմբի հայաստանյան ներկայացուցիչ Հասմիկ Կիրակոսյանը։
Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին՝ նշելով, որ համալսարանը կարևորում է կանանց հաջողությունները տեսանելի դարձնելը և նման նախաձեռնությունների միջոցով փորձում է ցույց տալ, թե ինչպես են կանայք կարողանում հասնել հաջողության տարբեր ոլորտներում։ Նակուզին ուրախությամբ ընդգծեց, որ համալսարանի բազմաթիվ շրջանավարտներ այսօր հաջողակ մասնագետներ են դարձել և վերադարձել են բուհ՝ իրենց փորձով կիսվելու ուսանողների հետ։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որը խոսեց ֆեմինիստական դիվանագիտության մասին։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան այդ քաղաքականության կարևոր կրողներից է, և ֆրանսիական կրթական հաստատություններն ու ընկերությունները վաղուց ակտիվորեն աշխատում են կանանց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ։

«Տարբեր երկրներում իմ գործունեության ընթացքում բազմիցս համոզվել եմ, թե որքան հաջողությամբ են ֆրանսիական ընկերությունները ներգրավում կանանց ղեկավար և պատասխանատու պաշտոններում։ Նշեմ, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը լավագույն կրթական հաստատություններից մեկն է, ինչը հաճախ նշում են հենց գործատուները»,- ասաց Դըկոտինյին:
Դեսպանի խոսքով՝ համալսարանը իր ուսանողներին զինում է գիտելիքներով և պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտ գործիքներով՝ օգնելով նրանց հաջողությամբ մտնել աշխատաշուկա։
Միջոցառման մասնակիցներից Սոսի Դեմիրճյանը նշեց՝ որպես դասախոս, մշտապես կապի մեջ է համալսարանի ուսանողների հետ և դասավանդում է ռազմավարական մարքեթինգ։ Նրա խոսքով՝ նման ձևաչափը լավ հնարավորություն է ուսանողների հետ փորձի փոխանակման համար։ Դեմիրճյանը կարևորեց ուսանողների մոտիվացիան՝ ընդգծելով, որ իր նպատակներից մեկն է նրանց ոգևորել և վստահություն ներշնչել, որ մի քանի տարի անց նրանք կարող են հասնել մեծ հաջողությունների։ «Նշեմ, որ ներկայիս ուսանողները շատ ավելի լայն հնարավորություններ ունեն՝ մասնակցելու կամավորական ծրագրերի, նախաձեռնությունների և տարբեր նախագծերի, ինչը թույլ է տալիս դեռ ուսանողական տարիներին ձևավորել կարևոր հմտություններ»,- ասաց նա:

Իր հերթին Աստղիկ Սահակյանը նշեց, որ տարիներ անց իր ավարտած բարձրագույն ուսումնական հաստատություն վերադառնալը մեծ հուզական փորձառություն է։ Նրա խոսքով՝ շուրջ երկու տասնամյակ անց էլ ինքը մեծ հպարտությամբ է կրում համալսարանի շրջանավարտի կոչումը։ Սահակյանը կարևորեց նման նախաձեռնությունները՝ նշելով, որ ուսանողների համար աշխատաշուկայի ներկայացուցիչների հետ շփումը չափազանց կարևոր է, քանի որ այն օգնում է պատկերացնել, թե ինչպես կարող են իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել իրական աշխատանքային միջավայրում։

«Խորհուրդ կտամ ուսանողներին առաջին տարիներին առավելագույն ուշադրություն դարձնել կրթությանը, քանի որ դա երկարաժամկետ հեռանկարում մեծ արդյունք է տալիս»,- ասաց նա։
Միջոցառմանը մասնակցած ուսանողները նույնպես ընդգծեցին նախաձեռնության կարևորությունը։
Մարքեթինգի բաժնի երկրորդ կուրսի ուսանող Մելինե Բարսեղյանի խոսքով՝ հանդիպումները հնարավորություն տվեցին ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք իրենց հետաքրքրում էին կարիերայի սկզբնական փուլում։

Նա նշեց, որ մասնագետները կիսվել են իրենց փորձով և խորհուրդներով՝ թե ինչ հմտություններ զարգացնել և ինչի վրա կենտրոնանալ ապագայում աշխատաշուկայում հաջողելու համար։ Բարսեղյանի խոսքով՝ նման հանդիպումները նաև կարևոր կապեր հաստատելու հնարավորություն են տալիս, որոնք կարող են օգտակար լինել ապագա աշխատանքի կամ պրակտիկայի համար։
Մարքեթինգի բաժնի երկրորդ կուրսի ուսանող Աննա Օհանյանն էլ նշեց, որ իրենց համար հատկապես կարևոր էր ոլորտի առաջատար մասնագետների հետ անմիջական շփումը։ «Քանի որ ուսանողները դեռևս չունեն բավարար փորձ և գործնական գիտելիքներ, նման նախաձեռնությունները օգնում են ավելի լավ կողմնորոշվել մասնագիտական ոլորտում և պատկերացնել ապագա կարիերայի հնարավորությունները»,- նշեց ուսանողուհին:

Նախաձեռնության կազմակերպիչների համոզմամբ՝ նման հանդիպումները նպաստում են ուսանողների և աշխատաշուկայի միջև կապերի ամրապնդմանը՝ միաժամանակ խրախուսելով կանանց առաջնորդությունն ու մասնագիտական առաջընթացը տարբեր ոլորտներում։
