Հունգարիան կոչ է արել ԵՄ-ին վերացնել ՌԴ-ից գազի և նավթի ներմուծման արգելքը
2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության և դրա հետևանքով էներգակիրների գների աճի ֆոնին պետք է «անմիջապես չեղարկի» Ռուսաստանից նավթի ու գազի ներմուծման արգելքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Եվրոպան հատկապես խոցելի է, քանի որ ԵՄ-ն արդեն արգելել է ռուսական էներգակիրների ներմուծումը։ Այժմ Մերձավոր Արևելքում հակամարտությունը նույնպես նվազեցնում է համաշխարհային մատակարարումները։ Երբ առաջարկը կրճատվում է, գները բարձրանում են։ Ուստի Եվրոպան բախվում է գների կտրուկ բարձրացման ռիսկի», - գրել է Սիյարտոն X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ եթե ռուսական էներգակիրների նկատմամբ Բրյուսելի պատժամիջոցները մնան ուժի մեջ, ապա դա լուրջ վնաս կհասցնի ԵՄ տնտեսությանը։
«Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել եվրոպացիների շահերի պաշտպանության, այլ ոչ թե գաղափարախոսության վրա», - ընդգծել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը։
2025 թ. հոկտեմբերին ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը ենթադրում է Մոսկվայից հեղուկացված բնական գազի գնման արգելք։ Առաջին փուլը ուժի մեջ կմտնի 2026 թ. ապրիլի 25-ին և կվերաբերի միայն տարեկան պայմանագրերին: Լիակատար էմբարգոն սպասվում է 2027 թ. հունվարի 1-ին։